Շուռնուխ բնակավայրում նոր թաղամասի կառուցման ծրագրի վերահսկողության նպատակով Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը և քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության պետ Արսեն Միրզոյանն օրերս աշխատանքային այցով եղել են Սյունիքի մարզում:
Այս մասին տեղեկանում ենք Քաղաքաշինության կոմիտեից:
Այցի ընթացքում դիտարկվել են կատարված շինարարական աշխատանքները: Արձանագրվել է, որ բնակելի 13 տուն ներառող թաղամասի 9 տան կառուցման աշխատանքները մոտենում են ավարտին, իսկ 4-ինն ընթացքի մեջ են: Մեկնարկել են նաև տների ներքին հարդարման աշխատանքները: Բացի այդ, կառուցվել է թաղամասի նոր ճանապարհի պաստառը, մեկնարկել են ինժեներական ենթակառուցվածքների և պարիսպների կառուցման աշխատանքները:
Նոր թաղամասում նախատեսվում է կառուցել կոյուղու համակարգ՝ մաքրման կայանով, արտաքին էլեկտրամատակարարման հաղորդագիծ ու արտաքին լուսավորության համակարգ, ինչպես նաև՝ յուրաքանչյուր տնատիրության համար կառուցել անասնագոմ, պարսպապատել ու ցանկապատել հողամասը:
Շրջայցի ժամանակ կապալառու և տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ կոմիտեի պատասխանատուները քննարկել են նախագծային լուծումները, ցուցումներ տվել՝ արձանագրված որոշ թերությունները շտկելու և լրացուցիչ աշխատուժ ներգրավելու վերաբերյալ: Հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ շինարարական աշխատանքների ողջ ծավալը սահմանված ժամկետում և որակով ավարտելու նպատակով:
Հիշեցնենք, որ Գորիս խոշորացված համայնքի Շուռնուխ բնակավայրում նոր թաղամասի կառուցման շինարարական աշխատանքները մեկնարկել են 2021 թվականի ապրիլի 26-ին: ծրագրի արժեքը կազմում է շուրջ 1,2 մլրդ ՀՀ դրամ: Աշխատանքներն իրականացվում են՝ համաձայն կապալի պայմանագրի և բյուջետային հատկացումների: Նախատեսվում է թաղամասը շահագործման հանձնել 2022 թվականի չորրորդ եռամսյակում