Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 32-ամյակի առիթով, որում ասվում է.
«Սիրելի՛ ժողովուրդ,
Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր լրանում է Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի ընդունման 32-րդ տարեդարձը: 1990 թվականի օգոստոսի 23-ին Գերագույն խորհրդի կողմից ընդունված Հռչակագիրն այն մասին է, որ Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունն անկախ պետության հաստատման գործընթացի սկիզբ է դնում:
Մեկնարկած այդ գործընթացը դե յուրե ավարտվեց 1991 թվականի սեպտեմբերի 21-ի անկախության հանրաքվեով և միջազգային հանրության կողմից Հայաստանի Հանրապետության ճանաչմամբ:
Դե ֆակտո այդ գործընթացը չի ավարտվել մինչև օրս, ոչ թե այն պատճառով, որ անկախություն չունենք, այլ այն պատճառով, որ անկախությունը նման է առողջության, որն ունենալով նույնիսկ՝ այն ունենալու համար հոգ պիտի տանես ամեն օր:
Կառավարությունն ամեն օր պայքարում է Հայաստանի Հանրապետության անկախության համար: Անկախությունը մեզ համար անվտանգություն է, որն ապահովող միջազգային կառուցակարգերը բոլորիս աչքի առաջ ճաք են տալիս, և առաջիններից այդ ճաքը ցավոք արտահայտվեց Լեռնային Ղարաբաղում:
Անկախությունը կարգավորված հարաբերություններ են հարևանների հետ. մենք թեև մեր հարևաններից մի մասի հետ ունենք փայլուն հարաբերություններ, մյուս մասի հետ հարաբերություններում որևէ էական առաջընթաց չի արձանագրվում, որովհետև նրանք չափազանց մեծ գին են պահանջում մեզնից, կամ էլ համարում են, որ մենք ենք իրենցից չափազանց մեծ գին պահանջում:
Անկախությունը մեզ համար ամուր դաշնակցային հարաբերություններ են, բայց դաշնակիցները միշտ չէ, որ միայն քեզ են դաշնակից, այլև նրանց, ովքեր դաշնակցում են քո դեմ:
Անկախությունն առերեսում է, և հանուն մեր անկախության ու պետականության՝ մենք պետք է ինքներս մեզ հետ, մեր պատմության ու աշխարհընկալման հետ առերեսվելու կամք ունենանք: Անկախությունը մտածողություն է, պետականակենտրոն մտածողություն, և սրա չգոյությունը մսխում է ինքնիշխանությունը, անվտանգությունը, ապագան:
Անկախությունն ազատություն է, և մեր ընկալմամբ՝ ժողովուրդն անկախ պետություն ստեղծել է այնտեղ իրեն ազատ և անվտանգ զգալու համար: Անկախությունը կրթություն է, և քանի դեռ ամենահեռավոր գյուղում ապրող յուրաքանչյուր երեխայի կրթությունը նույնքան հասանելի չէ, որքան մայրաքաղաքի կենտրոնում, պիտի տրտմենք մեր ապագայի համար:
Անկախությունն իրավակարգ է, օրենքի, իրավունքի գերակայություն. օրենքը հարգելը և ոչ թե այն շրջանցելը պիտի լինի առավելության նշան:
Անկախությունն աշխատանք է, այնպիսի աշխատանք, որը պետք է ստեղծի և արարի և ոչ թե մսխի ու փչացնի:
Անկախությունը նման է աստվածաշնչյան տասը մնասի առակին, որի խորհուրդը հետևյալն է. ով ունի, նրան կտրվի, իսկ ով չունի, նրանից նույնիսկ իր ունեցածը կվերցվի:
Եվ հետևաբար ունենանք Անկախություն, կունենա՛նք Անկախություն:
Շնորհավորում եմ բոլորիս օգոստոսի 23-ի առիթով»: