Պետական վերահսկողական ծառայությունում ամփոփվել են Երևանի քաղաքապետարանում քաղաքաշինության ոլորտին առնչվող մի շարք մշտադիտարկումների արդյունքներ։ Մշտադիտարկումների համար հիմք են հանդիսացել Ծառայության կողմից ստացված տեղեկությունների, դիմումների, բողոքների, առաջարկությունների, փաստաթղթերի և հաղորդումների հիման վրա կատարված վերլուծությունները։ Մշտադիտարկումների արդյունքում արձանագրվել է, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված անգործության հետևանքով համայնքի բյուջեն զրկվել է լրացուցիչ 6.867.160.500 դրամի եկամուտ ունենալու հնարավորությունից։ Այսպես.
Պարզվել է, որ Երևանի քաղաքապետարանի համապատասխան պաշտոնատար անձանց կողմից շինարարության թույլտվությունների ժամկետների խախտման դեպքերով կատարվել են ժամկետների երկարաձգումներ, սակայն չեն կիրառվել նախահաշվային արժեքի 1 և 10 տոկոսների չափով վարչական տուգանքներ, այն դեպքում, երբ շինարարության թույլտվության ժամկետների խախտման համար օրենսդրությամբ նախատեսված են վարչական պատասխանատվության միջոցներ: Որոշ օբյեկտների մասով չեն ներկայացվել նաև օտարման վերաբերյալ դատական հայցեր, այնինչ դրանք ենթակա էին օտարման։
Հարկ է նշել, որ որոշ դեպքերում քաղաքացիները նախազգուշացվել են շինարարության թույլտվության ժամկետի խախտման դեպքում վարչական պատասխանատվության մասին:
Ընտրանքային կարգով առանձնացվել են թվով 43 խոշոր օբյեկտներ, որոնց նախահաշվային գները կազմել են 56.488.732.400 ՀՀ դրամ, որի համապատասխան տուգանքները կազմել են 6.213.760.500 ՀՀ դրամ, մինչդեռ 2011-2021թվականներին համայնքի պաշտոնատար անձանց կողմից օրենքով սահմանված վարչարարությունը չի իրականացվել և արդյունքում համայնքի բյուջեն զրկվել է լրացուցիչ 6.213.760.500 ՀՀ դրամի եկամուտ ունենալու հնարավորությունից:
Պարզվել է նաև, որ 2018-2021թթ. ընթացքում Երևանի քաղաքապետի համապատասխան որոշումներով օրինականացվել են թվով 3337 ինքնակամ կառույցներ, որոնցից 2491-ի մասով ինքնակամ շինարարություն իրականացրած անձինք վարչական պատասխանատվության չեն ենթարկվել, մինչդեռ ինքնակամ շինարարության իրականացման համար օրենսդրությամբ նախատեսված են վարչական պատասխանատվության միջոցներ: Արդյունքում համայնքի բյուջեն զրկվել է լրացուցիչ ևս 653.400.000 ՀՀ դրամի եկամուտ ունենալու հնարավորությունից:
Երևանի քաղաքապետարանում իրականացված հիշյալ մշտադիտարկումներով հայտնաբերված առերևույթ խախտումների վերաբերյալ տեղեկություններն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ իրավական գնահատական տալու և հետագա ընթացքն ապահովելու համար։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք` Ծառայության կողմից Երևանի քաղաքապետարանում իրականացվել է նաև 2018-2022թթ. ընկած ժամանակահատվածում պետական միջոցների տրամադրման համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատության գնահատման նպատակով ուսումնասիրություն, որի արդյունքում հայտնաբերվել էին շուրջ 8.5 միլիարդ ՀՀ դրամի խախտումներ։ Ուսումնասիրության արդյունքներն ամփոփվել և ուղարկվել էին ՀՀ գլխավոր դատախազություն՝ իրավական գնահատական տալու և հետագա ընթացքը լուծելու նպատակով:
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հետևողականորեն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները՝ բացահայտելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը, ինչպես նաև ՀՀ օրենսդրության հնարավոր խախտումները՝ ապահովելով ՀՀ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը։