Դավիթ Տոնոյանը շարունակում է առանց որևէ իրավական հիմքի մնալ կալանքի տակ․ փաստաբանական խմբի հայտարարությունը

Մեկ շաբաթից ավել՝ 09.08.2022-ից մինչ օրս, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի վերաբերյալ քրեական գործով դատական նիստ չի նշանակվում: Ավելին՝ հայտնի չէ, թե երբ կնշանակվի հաջորդ դատական նիստը և ում կողմից:

Այս մասին հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը։

«Արհեստածին Հակակոռուպցիոն դատարանի ձևավորման հետ կապված խառնաշփոթության արդյունքում, հաշվի առնելով, որ 2022 թ. հունվարից մինչ այս պահը քրեական գործով դատաքննության փուլն այդպես էլ չի սկսվել, դատավոր Մանվել Շահվերդյանը ձեռնպահ է մնում դատական նիստ նշանակելուց, քանի որ համաձայն ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի և «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի փոփոխությունների՝ իրավասու չէ այլևս հիշյալ քրեական գործը քննելու: Սակայն գործը նաեւ չի ուղարկվում նորաստեղծ Հակակոռուպցիոն դատարան, ինչի արդյունքում Դավիթ Տոնոյանը շարունակում է առանց որևէ իրավական հիմքի մնալ կալանքի տակ:

Իրավական անկատարության և ամենաթողության այս մթնոլորտի պայմաններում սպասելի է, որ դեռ մեկ ամիս, գուցե և ավելի, կոպտորեն խախտելով քրեական վարույթի՝ ողջամիտ ժամկետում գործի քննության կարևորագույն սկզբունքը, Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ անազատության մեջ, ինչը կլրացնի վերջինիս անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքի կոպիտ խախտումների շարքը»,-ասված է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել