Նոտարիատի միջազգային միության համագործակցության կոմիտեի նախագահ Միշել Մերլոտին Հայաստան է այցելել երկրի նոտարական համակարգի գործունեությանն, ինչպես նաև առաջիկայում նախատեսվող փոփոխություններին ու զարգացման ծրագրերին ծանոթանալու նպատակով:
Այսօր ՀՀ արադարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանի հետ հանդիպումից հետո պարոն Մերլոտին լրագրողներին պարզաբանեց, որ Հայաստանը նոտարիատի միջազգային միությանն անդամակցել է 2005 թվականին: Մինչ այդ, ավելի ստույգ` խորհրդային տարիներին, Հայաստանում նոտարական համակարգ որպես այդպիսին չի եղել, ուստի 2005 թվականին միանալով, այսպես ասած, լատինական համակարգին` սկսել է մաքուր էջից: «Այսօր, պատկերավոր ասած, երբ երեխան արդեն 7 տարեկան է անհրաժեշտություն է ծագել ևս մեկ անգամ տեղում ծանոթանալու նոտարական գրասենյակների գործունեությանը, ոլորտը կարգավորող օրենսդրությանը և առաջիկա ծրագրերին»- ասաց Միշել Մերլոտին՝ հավելելով նաև, որ հատկապես վերջին տարվա ընթացքում համակարգում լուրջ բարեփոխումներ կատարելու նախագծեր կան. անհրաժեշտ էր նախ ծանոթանալ «7 տարեկան երեխայի առողջական վիճակին», ապա տեսնել, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն նրա հետագա զարգացման համար, այսինքն ինչպես պետք է բարելավել իրավական դաշտը և օրենսդրության կիրառությունը»:
Նոտարիատի միջազգային միության ներկայացուցիչն իր գոհունակությունը հայտնեց, որ Հայաստանի իշխանությունները համակարգը զարգացնելու, մասնավորապես՝ էլեկտրոնային նոտարական համակարգ ներդնելու մտադրություն ունեն, իսկ իրենք էլ պատրաստ են համագործակցելու և աջակցելու այդ հարցում:
Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին՝ Միշել Մերլոտին նշեց, որ իրականացված նշանակալի փոփոխությունների մասին, դեռ վաղ է խոսել, սակայն հուսադրող է այն հանգամանքը, որ նոտարներն իրենք արդեն գիտակցում են, որ Հայաստանում փակված մնալով իրենք չեն կարող զարգանալ. անհրաժեշտ է սերտ համագործակցություն նոտարական միջազգային միության անդամ երկրների հետ, ինչպես նաև՝ տարբեր գիտաժողովների ու հանդիպումների մասնակցություն: Հարցին, թե ինչ կարծիքի է պարոն Մերլոտին Հայաստանում նոտարական գործարքների սակագնային համակարգի մասին և արդյո՞ք դրանք համադրելի են միջազգային չափանիշներին, նոտարական միջազգային միության ներկայացուցիչը յուրահատուկ համեմատությմաբ պատասխանեց: «Հայաստանը յուրօրինակ է, քանի որ դժվար է գտնել մի երկիր, որտեղ օդանավակայանից քաղաքի կենտրոն տաքսիով հասնելու համար շատ ավելի թանկ պետք է վճարես, քան նոտարական որոշ գործարքների պարագայում»: