Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ԱՄՆ քաղաքացիներին զգուշացրել է Երևանում մի շարք վայրեր չայցելել։ Նշենք, որ դեսպանատունը ի նկատի է ունեցել այն վայրերը, որոնց մասին ՀՀ ԱԻՆ-ը հաղորդագրություն էր տարածել ռումբի հնարավոր առկայության մասին։
ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին տեղեկացրել է, որ ներկայումս արտակարգ փրկարարական ծառայությունները հետաքննում են «Զվարթնոց» օդանավակայանի, մետրոյի բոլոր կայարանների, քաղաքապետարանի և Ազգային ժողովի վերաբերյալ պայթուցիկ սարքերի սպառնալիքները:
ԱՄՆ դեսպանատունը ԱՄՆ քաղաքացիներին հորդորել է հետևել տեղական մամուլին, խուսափել մարդաշատ վայրերից, տեղեկացնել ընկերներին և ընտանիքին իրենց անվտանգության մասին, տեղյակ լինել շրջապատող միջավայրից։
Հիշեցնենք, որ ԱԻՆ-ից հայտնեցին, որ 22։30-ի դրությամբ օդանավակայանի և քաղաքապետարանի տեղազննման աշխատանքներն ավարտվել են․ պայթուցիկ սարքավորումներ չեն հայտնաբերվել։