Մահացել է իրավապաշտպան Լևոն Ներսիսյանը

Այսօր՝ առավոտյան խորը ցավով տեղեկացանք «Ա․Դ․ Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ տնօրեն, մեր սիրելի գործընկեր, ավագ ընկեր Լևոն Կոնստանտինի Ներսիսյանի մահվան մասին։ Տեղեկանում ենք «Ա․Դ․ Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ-ի աշխատակազմի կողմից սույն թվականի հուլիսի 29-ին տարածած հայտարարությունից։

Լևոն Ներսիսյանն իր մարդկային նկարագրով և որակներով վայելում էր Կազմակերպության աշխատակազմի և շահառուների սերն ու հարգանքը: Նա մշտապես աչքի էր ընկնում իր աշխատասիրությամբ, ազնվությամբ, պարտաճանաչությամբ և պահանջկոտությամբ։ Որպես կազմակերպության ղեկավար նա իր առջև դրված խնդիրները լուծում էր մեծ պատասխանատվությամբ և նույնը պահանջում յուրաքանչյուր աշխատակցից: Լևոն Ներսիսյանը ներքին մեծ ուժի տեր անձնավորություն էր և կարողանում էր հաղթահարել բոլոր դժվարություններն ու մարտահրավերները։

Կազմակերպության ողջ անձնակազմն իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում Ներսիսյան ընտանիքին, հարազատներին և ընկերներին այս ծանր կորստի կապակցությամբ: Համբերություն ու տոկունություն ենք մաղթում մեզ բոլորիս և նրա թողած կիսատ գործը նույն ոգով շարունակելու հաստատակամություն։

Լևոն Ներսիսյանի հիշատակը միշտ վառ կմնա բոլորիս սրտերում․․․

Թող Աստված լույսերի և խաղաղության մեջ պահի նրա հոգին։

«Ա. Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ աշխատակազմ

***
Լևոն Ներսիսյանը 1993 թվականից «Ա. Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ-ի տնօրենն էր։ Կազմակերպությունը նրա անմիջական ղեկավարությամբ և նախաձեռնությամբ իրականացրել է բազմաթիվ ծրագրեր՝ Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանության, քաղաքացիների իրավագիտակցության բարձրացման և սոցիալապես անապահով խմբերին աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ։

Իրավաբանների հայկական ասոցիացիայի ղեկավարությունը և անդամները ցավակցում են Լևոն Ներսիսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին։

Լևոն Ներսիսյանի  հոգեհանգիստը տեղի կունենա 2022 թ․ օգոստոսի 1-ին, ժամը 17․00-ին, «ԼյուԱր» հոգեհանգստի 2-րդ սրահ: Հասցեն՝ Երևան, Սիլիկյան հին խճուղի 18

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել