Հայաստանի համար ձեռքբերում է տարածաշրջանում նման ֆորմատի միակ համաժողովը մեր երկրում անցկացնելը. Հակոբ Արշակյան

Կանայք մեր բնակչության կազմում մեծամասնություն են՝ տարբեր գնահատականներով շուրջ 60 տոկոսը, սակայն նրանց զբաղվածության տոկոսը ցածր է: Այս համաժողովի նպատակն է ոգեւորել կանանց, որպեսզի նրանք ներգրավված լինեն տարբեր ոլորտներում, երեխաներ մեծացնելուն զուգահեռ աշխատեն եւ իրենց ներդրումն ունենան մեր երկրի տնտեսության զարգացման գործում. ասել է ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հուլիսի 30-ին Հայաստանում եւ տարածաշրջանում FemInno կանանց նորարարարության առաջին համաժողովին՝ ընդգծելով, որ Հայաստանի համար ձեռքբերում է տարածաշրջանում նման ֆորմատի միակ համաժողովը մեր երկրում անցկացնելը:

Տեղեկանում ենք Ազգային ժողովի մամուլի ծառայությունից։

ԱԺ նախագահի տեղակալը նշել է, որ իր համար մեծ պատիվ է հանդես գալ բացման խոսքով: Հակոբ Արշակյանը կարեւորել է հատկապես տեխնոլոգիական բնագավառում կանանց ներգրավածության համար գործադրվող ջանքերը: Նա նշել է, որ այս համաժողովն ինչ-որ առումով տոն է՝ բիզնեսում, գիտության եւ տեխնոլոգիայի մեջ կանանց գնահատելու, ցուցադրելու եւ հզորացնելու առումով: Այս նորարական համաժողովը կօգնի կանանց տաղանդի եւ հզորացման խթանմանը՝ իրենց ամբողջ գործունեության ընթացքում, կստեղծի աշխատանքի եւ ցանցային կապի հնարավորություններ:

«Սա մեծ հնարավորություն է՝ կոտրելու բոլոր տեսակի կարծրատիպերը մեր հասարակությունում: Կանայք հզոր ուժ են. դուք եք փոխում, առաջնորդում, կրթում, ստեղծում եւ պաշտպանում: Կանայք են Հայաստանում յուրաքանչյուր ընտանիքի սիրտը. շատ բաներ կան ձեզնից սովորելու»,- ասել  է ԱԺ փոխխոսնակը:

Տարբեր երկրներ ներկայացնող օրվա բանախոսները կարեւորել են կանանց դերն ու նշանակությունը պետության զարգացման գործում, նրանց ներգրավածությունը նաեւ քաղաքականության մեջ:

«Հայաստանում կանայք մեծամասնություն են կազմում կրթության եւ առողջապահության ոլորտներում: Այժմ մենք տեսնում ենք, որ տեխնոլոգիաներում եւ գիտության մեջ մասնագետների գրեթե կեսը կանայք են, խորհրդարանում քաղաքական գործիչների 30 տոկոսը կանայք են, իմիջիայլոց՝ ամենաակտիվները: Հայաստանի նույնիսկ ոստիկանությունում արդեն զգալի թվով կանայք են ծառայում: Եվ դա հրաշալի է»,- նշել է ԱԺ փոխնախագահը:

Հակոբ Արշակյանը շրջել է նաեւ աշխատանքի տոնավաճառում, կանանց համար աշխատանք առաջարկող ընկերություններից հետաքրքրվել, թե ինչ ծառայություններ են նրանք առաջարկում:

FemInno կանանց նորարարարության առաջին համաժողովին ներկա են եղել նաեւ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, հանձնաժողովի անդամներ, ԱԺ պատգամավորներ Զարուհի Բաթոյանը, Մարիամ Պողոսյանը, ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Լուսինե Բադալյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել