Մեր փողոցային պայքարն այս պահին այլընտրանք չունի․ Սաղաթելյան

«Եթե պայքարը երկարում է դրանից ոչ թե պետք է ընկճվել, այլ պետք է արձանագրել բացթողումները, լուծել խնդիրները և գնալ առաջ։ Պայքարը պետք է դարձնել ապրելակերպ, մեր առօրեան։ Եթե պատերազմի ժամանակ մարտը ձգվում է, իսկ մարտի ժամանակ ունենում ենք կորուստներ, զոհեր, ինչու չէ՝ նաև դասալիքներ, դա չի նշանակում, որ պետք է զենքները վայր դնենք ու նահանջենք։ տվյալ դեպքում պետք է վերադասավորվենք, մոբիլիզացնենք մեր ուժերը, մղվենք տևական պայքարի և գնանք հաղթանակի հետևից»,- Ֆրանսիայի հրապարակում ընթացքող հանրահավաքի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ ընդգծելով, որ իրենք առաջնորդվում են այդ սկզբունքով։

Անդրադառնալով առաջիկա անելիքներին և սեպտեմբեր ամսին Խորհրդարան վերադառնալու և այս իշխանությունների հետ աշխատելու մասին խոսակցություններին, Սաղաթելյանը տեղեկացրեց․

«Դա բացարձակ սուտ է և անբարո։ Մեկ անգամ ևս պետք է ասեմ այն, ինչ ասում եմ վերջին երեք ամիսների ընթացքում։ Եթե ընդդիմությունը գնա Խորհրդարան, ապա գնալու է բացառապես իր այն օրակարգով, որը ձևավորել է մեր ժողովորդը՝ Դուք, այս հրապարակում։ Այդ օրակարգը հստակ է՝ Նիկոլի հեռացում, Հայաստանին և Արցախին ուղղված սպառնալիքների դեմ պայքար, կենսական հարցերի լուծման նախաձեռնություններ։ ԱԺ-ում մեծամասնություն կազմող խմբակը, մանդատներից զրկելու շանտաժով, չի կարող մեզ ներքաշել իր հայրենադավ և ապազգային դավադրության մեջ։ ՔՊ-ական ուսապարկերը իրենց ծոծրակները կտեսնեն, բայց մեզ՝ իրենց կեղծ օրակարգով միևնույն նիստերի դահլիճում չեն տեսնի։ Ավելի պարզ ասած՝ հայ ժողովուրդը, ցավոք, այլևս չունի միասնական կամարտահայտման այլ հարթակ, քան այս փողոցն է ու այս հրապարակը։ Մեր փողոցային պայքարն այս պահին, այլընտրանք չունի»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել