Պաշտպանության նախարարության կողմից հուլիսի 28-ին շրջանառության մեջ է դրվել «Վարժական հավաքներ հայտարարելու մասին» կառավարության որոշման նախագիծը։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ որոշման նախագծի համաձայն նախատեսվում է 2022թ. սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ, սահմանվում են վարժական հավաքների անցկացման նպատակները, ներգրավվող պահեստազորայինների կազմերը, ընդհանուր քանակները և մասնագիտությունները, յուրաքանչյուր մասնագիտությամբ հավաքների ժամկետները և պահեստազորայինների քանակները:
Հիմնավորման մեջ նշվում է․ «Պահեստազորային պատրաստության շրջանակներում վարժական հավաքների անցկացումը պլանավորված է ՀՀ կառավարության 2021 թվականի համապատասխան որոշմամբ, դրանց նպատակն է զորքերի համալրումն ավելի պատրաստված և անհրաժեշտ զինվորական հաշվառման մասնագիտություն ունեցող պահեստազորայիններով, ինչպես նաև պահեստազորում հաշվառված քաղաքացիների մասնագիտական պատրաստվածության որակի բարձրացումը` պահեստազորում կուտակելով համապատասխան զինվորական հաշվառման մասնագիտություն ունեցող պահեստազորայիններ: Գործընթացն իրականացվելու է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 58-րդ հոդվածի, ՀՀ կառավարության 18.10.2018թ. N 1174–Ն որոշման համաձայն: Միաժամանակ, վարժական հավաքներում չեն ընդգրկվել հրթիռա-հրետանային և ինժեներական մասնագիտություններով պահեստազորայինները, որը նախատեսված է եղել 2022թ. համար սահմանված վարժական հավաքների պլանում, քանի որ ԶՈՒ կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ներկա դրությամբ վերացել է այդ մասնագիտություններով պահեստազորայիններին վարժական հավաքներին ընդգրկելու անհրաժեշտությունը»: