«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հուլիսի 28-ին ժամը 12:00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 12:00-ն կդադարեցվի Կաթնաղբյուր և Արամուս գյուղերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Iravaban.net-ը օրեր առաջ անդրադարձել է Արամուսում ջրամատակարարման խնդրին։
Լրատվամիջոցը հուլիսի 21-ին կապ էր հաստատել Արամուսի գյուղապետ Ստեփան Հակոբյանի հետ:
«Ամեն օր այդ 3-րդ գծի համար տառապում եմ: Ես տեղյակ եմ, որ ջրի հարցը չի լուծվում «Վեոլիա ջուր»-ն էլ ոչինչ չի անում: Ամեն օր չարչարվում ենք, բայց հարցը չի լուծվում: Լինում են դեպքեր, երբ այլ փողոցներում մեկ-երկու օր ջուր չի լինում, մեկ շաբաթ չի լինում, բայց այս մարդիկ 2 ամիս է՝ ջրի խնդրի առաջ են կանգնած։ Հաճախակի անջատվում է, մի քանի ժամով է միանում: «Վեոլիա ջրի» սպասարկման պետին ասում եմ՝ բերեք գիծը փոխենք, ասում են՝ չի լինի, պետք է մնա այդ գծի վրա»,-նշեց Հակոբյանը:
Նրա խոսքով՝ նախկինում այդ հատվածում եղել է մոտ 200-300 ընտանիք, հիմա բնակվում է մոտ 500 ընտանիք․ «Շինարարություն է ընթանում, գյուղը մեծանում է, բաժանորդները շատանում են, միանում են այդ ջրագծին, ու խնդիր է առաջանում»։