2016-ից սկսած կրթության ռազմավարություն երկիրը չի ունեցել. Ժաննա Անդրեասյան

Կառավարությունն այսօր հավանություն տվեց կրթության մինչև 2030 զարգացման պետական ծրագրին, որն այնուհետև պետք է քննարկվի և ընդունվի ԱԺ կողմից։ Այս մասին հայտարարել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։

«2016-ից սկսած կրթության ռազմավարություն երկիրը չի ունեցել, չնայած այս փաստաթղթի մշակման և ընդունման տարբեր գործընթացներ են եղել։

Սա միակ ոլորտային ռազմավարությունն է, որ օրենքի կարգավիճակ ունի՝ ընդգծելով կրթության հանդեպ հասարակության հատուկ վերաբերմունքը։

Այն, ինչ գրված է ծրագրում, հիմնականում արդեն իսկ անում ենք, սակայն ռազմավարության հաստատումը կօգնի այդ ամենը դարձնել ավելի փոխկապված, կանխատեսելի և տեսանելի»,-նշել է նա։

Հիշեցնենք, որ Կառավարության նիստին հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը՝ նշելով, որ կրթության ոլորտի զարգացման վերջին պետական ծրագիրն ընդունվել է 2011 թվականին՝ 2011-2015 թթ. համար: Նրա խոսքով՝ ժամանակի հրամայական է Կառավարության կողմից գերակա ճանաչված մարդկային կապիտալի զարգացման հայեցակարգային դրույթների ամրագրումը երկարաժամկետ պլանավորման փաստաթղթում:

«ՀՀ տնտեսական և հանրային կյանքի շարունակական և առաջանցիկ զարգացումը կարող է ապահովվել մարդկային կապիտալի զարգացման մեջ շոշափելի ներդրումներ կատարելու միջոցով։ Այս տեսանկյունից կրթությանն ուղղված ֆինանսական միջոցները ոչ թե ծախս են, այլ անհրաժեշտ ներդրում պետության և հասարակության զարգացման համար»,- նշել է փոխնախարարը:

Արթուր Մարտիրոսյանը փաստել է՝ նախագծի մշակումը կատարվել է մասնակցային գործընթացով. այն քննարկվել է կրթության տարբեր շահակից խմբերի և լայն հանրության հետ՝ վերջնարդյունքում արժանանալով համընդհանուր հավանության: Նրա խոսքով՝ նախագիծը մի քանի անգամ քննարկվել է նաև ՀՀ վարչապետի մոտ և լրամշակվել քննարկումների արդյունքներով։ Մասնավորապես՝ հստակեցվել է մինչև 2030թ. արդյունքային շրջանակը, որը ներկայացված է կրթության բոլոր մակարդակները ներառող արդյունքներով։

Ներկայացնելով ծրագրի հիմնական դրույթները՝ Արթուր Մարտիրոսյանը շեշտել է, որ ծրագրի կենտրոնում մարդն է, իսկ նրա կարողությունների ընդլայնումը՝ մարդկային կապիտալը զարգացնելու և իրացնելու միջոց։ Ըստ նախարարի տեղակալի՝ կրթության զարգացման տեսլականն այն է, որ յուրաքանչյուր ոք օժտված է որոշակի տաղանդով, և կրթության համակարգի առաքելությունն է բացահայտել և հնարավորինս զարգացնել յուրաքանչյուրի տաղանդները՝ ընդլայնելով իր երկրում սեփական բարեկեցությունն ապահովելու անհատի հնարավորությունները, որի երաշխավորը պետք է լինեն մրցունակ տնտեսությունն ու կայուն պետությունը։

Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ ծրագրի վերջնական նպատակն է՝ ձևավորել ազգային և համամարդկային արժեքների վրա հիմնված, ՀՀ զարգացմանը միտված արդյունավետ և միջազգայնորեն մրցունակ կրթական համակարգ, որը յուրաքանչյուրին, կյանքի բոլոր փուլերում, հնարավորություն կտա ստանալ իր կարիքներին և ընդունակություններին համապատասխան որակյալ կրթություն, ապահովել իր երկրում սեփական բարեկեցության կառուցման համար անհատի մրցունակ մասնագիտական պատրաստվածությունը, ինչպես նաև ակտիվ քաղաքացիական դիրքորոշումը:

Ծրագրի վերջնանպատակի իրականացման համար, ըստ Արթուր Մարտիրոսյանի, սահմանվել են հետևյալ երեք ռազմավարական ուղղությունները՝ համընդհանուր ներառական սովորողակենտրոն կրթական միջավայրի ստեղծում ՀՀ ողջ տարածքում, կրթության արդյունավետության բարձրացում և կրթական ծառայությունների ու արտադրանքի միջազգայնացում և արտահանում։

Նախարարի տեղակալը հնչեցրել է նաև փաստաթղթի՝ առավել նշանակալի հայեցակարգային դրույթները նախադպրոցական, հանրակրթության, ՄԿՈՒ, բարձրագույն և շարունակական կրթության ոլորտներում:

ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի խոսքով՝ նախագիծը մշտապես գտնվել է Վարչապետի ուշադրության կենտրոնում, և բոլոր քննարկումները տեղի են ունեցել հենց նրա գլխավորությամբ: «Մենք մի քանի չափանիշներ ենք սահմանել. առաջինը՝ պետք է իրականացել մեր նախընտրական խոստումները, այս դեպքում՝ ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագիրը: Մեզ համար շատ կարևոր է, որ ուսման վարձավճարի պատճառով բարձր առաջադիմություն և պատշաճ վարքագիծ դրսևորող որևէ ուսանող չզրկվի մասնագիտական ու բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունից, կրթական ծառայությունները պետք է մատչելի լինեն ՀՀ քաղաքացիների համար իրենց իսկ բնակավայրում»,- նշել է փոխվարչապետը՝ ընդգծելով, որ այս խնդիրը թիրախավորելու համար գործում է մեկ այլ ծրագիր, որը վերաբերում է 300 դպրոցի և 500 մանկապարտեզի մեծածավալ շինարարական աշխատանքներին, որոնք այս պահին ընթանում են ՀՀ բոլոր մարզերում և Երևանում:

Ռազմավարության մյուս կարևոր կետը, ըստ Համբարձում Մաթևոսյանի, վերաբերում է ակադեմիական քաղաքին, որն իր բնույթով, ֆիզիկական ենթակառուցվածքներով և բովանդակությամբ պետք է նոր չափանիշ սահմանի ոչ միայն ՀՀ-ի մասշտաբներով, այլև հնարավորինս հասանելի լինի Սփյուռքի մեր հայրենակիցների և օտարերկրյա ուսանողների համար: «Կրթության զարգացման պետական ծրագիրը թերևս միակ ոլորտային փաստաթուղթն է, որը պետք է հաստատվի Ազգային ժողովի կողմից, որով էլ ընդգծվում է փաստաթղթի կարևորությունը»,- փաստել է փոխվարչապետը:

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն իր հերթին նշել է, որ փաստաթուղթը բավականին երկար է քննարկվել. «Դրա պատճառն այն էր, որ մենք բոլոր ուղղություններով պետք է հասկանայինք մեր տեսլականը և հավատայինք դրա իրականացմանը: Առաջին հայացքից կարող է թվալ, որ 8 տարիների ընթացքում բարդ է նախանշված նպատակներին հասնելը, բայց վերջին 4 տարիների ընթացքում կրթության ոլորտում շատ ուղղություններով բավականին աշխատանք ենք արել ու առաջ գնացել»:

Նշենք, որ նախագիծը մշակվել է՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության ծրագիրը, Հայաստանի՝ մինչև 2050 թվականը վերափոխման ռազմավարությունը, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված 2030 թվականի համար Կայուն զարգացման նպատակների մասին բանաձևը, մի շարք այլ ռազմավարական փաստաթղթեր։

Հավելենք, որ Ազգային ժողովի կողմից ծրագրի հաստատումից հետո ՀՀ կառավարությունը կհաստատի նաև ծրագրի իրականացման գործողությունների պլանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել