Իրավագիտության դոկտոր, քրեական իրավունքի մասնագետ Արթուր Ղամբարյանը գրում է.
«Նոր օրենսգրքում սահմանվել է, որ «ֆիքսված կամ բջջային հեռախոսային ցանցի միջոցով հաղորդակցվողների հեռախոսահամարները, հեռախոսահամարի բաժանորդի անհատական տվյալները (վերծանումները- Ա․Ղ․)» կարող են պահանջվել հսկող դատախազի կողմից հաստատված քննիչի որոշմամբ (ՀՀ ՔԴՕ 232-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ)։
Այս կարգավորմամբ վերադարձել ենք մինչև 2005թ․ եղած դրությանը, երբ հեռախոսազանգի վերծանումները ձեռք էր բերվում Գլխավոր դատախազի «կնիքով» գրությամբ (տե՛ս ՀԵՌԱԽՈՍԱԶԱՆԳԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄԸ: «ՕՐԵՆՔ ԵՒ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ», 2006, ԹԻՎ 6)
Նախ՝ դատախազի համաձայնությամբ՝ կապի օպերատորներից նման տեղեկություն պահանջելու կարգավորման սահմանադրականությունը խիստ կասկածելի է (տարբերել այն դեպքերից, երբ հաղորդակցության գաղտնիության իրավունքի կրողը ինքն է ներկայացնում իր զանգերի՝ ելքերի մասով վերծանումները)։
Այս կասկածներն էլ ավելի են խորանում, երբ այս գործողությունը համեմատում ենք «թվային, այդ թվում` հեռախոսային հաղորդակցության վերահսկումը» ԳԱՂՏՆԻ քննչական գործողության հետ, որով ֆիքսված հեռախոսային ցանցի դեպքում (․․․) բաժանորդի մուտքային և ելքային զանգերը, հեռախոսային հաղորդակցությունն սկսելու և ավարտելու ժամանակը (․․․) որակվել են որպես ԴԱՏԱՐԱՆԻ կողմից՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկման օբյեկտ (ՀՀՔԴՕ 249-րդ հոդվածի 2-րդ մաս 1-ին կետ)։
Փաստորեն քննչական գործողության պարագայում այս տվյալները կարող են պահանջվել դատախազի համաձայնությամբ, իսկ գաղտնի քննչական գործողության պարագայում՝ դատարանի որոշմամբ։ Դժվար է սահմանադրական իրավունքի տեսանկյունից բացատրել Օրենսդրի հակասական մտածողության պատճառը։
Երկրորդ՝ ՀՀ ՔԴՕ 232-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը թերի է նաև դատավարական առումով, քանի որ պահանջի օբյեկտ չի համարել հաղորդակցությունն սկսելու և ավարտելու ժամանակը (տևողությունը)։
Երրորդ՝ նկատի ունենալով, որ ՀՀ իրավապահ մարմինները, ամենայն հավանականությամբ, տեխնիկապես չեն տիրապետում վերծանումների մասին տեղեկություններին (դրանց աղբյուրը կապի օպերատորներն են), ուստի անհասկանալի է գաղտնի քննչական գործողություններով վերծանումների մասին տեղեկություններ ձեռք բերելու կարգավորումը։
Նկատի ունենալով՝ քննչական աշխատանքում այս հարցի կարևորությունը, ՀՀ արդարադատության նախարարությունը պետք է հրատապ քննարկի խնդիրը և առաջարկի օրենսդրական լուծումներ։ Հակառակ դեպքում մոտ ապագայում այն կարող է դառնալ սահմանադրական արդարադատության քննարկման առարկա»,-նշել է նա։