Հակակոռուպցիոն միջոցառում Լոռու մարզում

‹‹Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա›› ՀԿ Լոռու հակակոռուպցիոն կենտրոնը ‹‹Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի ծրագրի շրջանակներում›› Լոռու մարզում կազմակերպել էր ‹‹Նոտարական, ՔԿԱԳ մարմինների, ԴԱՀԿ ծառայության, քրեակատարողական ծառայության և պետական ռեգիստրի գործունեության ոլորտներում առկա խնդիրներն ու իրականացվող բարեփոխումները›› խորագրով միջոցառում։

 

Միջոցառման բացման խոսքով հանդես եկավ Լոռու հակակոռուպցիոն կենտրոնի համակարգող Արթուր Սուքիասյանը։ Նա ողջունեց բոլոր ներկաներին և մաղթեց բաց ու արդյունավետ քննարկում։

 

Այնուհետև ելույթի խոսքով հանդես եկավ ‹‹Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա›› ՀԿ նախագահ, ‹‹Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի ծրագրի›› ղեկավար Կարեն Զադոյանը։

 

Նա նշեց, որ նման միջոցառումների կազմակերպումը շատ կարևոր է կոռուպցիոն խնդիրների վերհանման համար. «Մեզ համար շատ կարևոր են նոտարական, ՔԿԱԳ մարմինների և հանրային ծառայություններ մատուցող այլ պետական մարմինների գործունեությունը։ Այդ իսկ պատճառով պարբերաբար մոնիթորինգ ենք անցկացնում նշված ոլորտներում։ Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ համակարգում բավական լուրջ բարեփոխումներ են իրականացվել»։

 

Ըստ նրա՝ հատկապես էական փոփոխություններ են դրսևորվել նոտարական համակարգում․ «Նախկինում այս համակարգը բավական փակ էր և որևէ իրավաբան չէր կարող մուտք գործել այնտեղ։ Բայց այսօր արդեն բավական բաց է։ Երեք տարի ստաժ ունեցող յուրաքանչյուր իրավաբան կարող է մրցույթին մասնակցել և ներգրավվել նոտարական համակարգում, որը կադրային լուրջ փոփոխությունների հնարավորություն է ընձեռելու»։

 

ՀԵԻԱ նախագահը խոսքի վերջում կարևորեց համապատասխան պետական մարմինների մասնակցությունը նման միջոցառումների։

 

Անդրադառնալով թեմային` Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը ընդգծեց, որ Լոռու մարզում նշված ոլորտներից յուրաքանչյուրում էլ առկա են կոռուպցիոն ռիսկերը, սակայն դրանց զուգահեռ իրականացվում են նաև տարբեր բարեփոխման ծրագրեր, որոնց նպատակը այդ արատավոր երևույթի վերացնելն է․«Մենք ՀԵԻԱ-ի հետ արդեն կնքել ենք հուշագիր, որը իրեն արդարացնում է։ Մի քանի ամսվա ընթացքում սա արդեն հինգերորդ նմանատիպ միջոցառումն է։ Կարող եմ ասել, որ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք»։

 

Ըստ մարզպետի՝ հարկավոր է ամեն ինչ անել, որպեսզի կոռուպցիայի դեմ պայքարն ավելի արագ զարգանա, այդ իսկ պատճառով նմանատիպ միջոցառումները պետք է ունենան շարունակական բնույթ:

 

ՀՀ արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը, խոսելով թեմայի մասին, նշեց․

 

«Կոռուպցիայի դեմ պայքարը միշտ չէ, որ բերում է քաղաքացիների գոհունակության բարձրացմանը։ Մենք ամեն ինչ անում ենք, որ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքում քաղաքացիները չտուժեն››։

 

Փոխնախարարը փաստեց, որ արդարադատության նախարարությունը պարբերաբար մոնիթորինգներ է իրականացնում, որոնց արդյունքում պարզ է դառնում, թե որ ուղղությամբ պետք է աշխատանքները տարվեն։

 

ՀՀ նոտարական պալատի նախագահ Մամիկոն Ասլանյանն իր ելույթում նախ անդրադարձավ նոտարական պալատի նախապատմությանը` նշելով, որ հայկական նոտարիատը բավական երիտասարդ է և ունի ընդամենը տասը տարվա պատմություն։ Հայկական նոտարական պալատն այժմ անդամակցում է լատինական նոտիարատի միությանը, որին անդամակցում են մոտ 90 երկիր։

 

«Նոտարիատը, ինչպես նաև հանրային ոլորտը կարգավորող այլ ծառայությունների նպատակը հանրությանը որակյալ իրավաբանական ծառայությունների մատուցումն է։ Նշված ծառայությունները ապահովում են անմիջական շփում հանրության հետ, որի արդյունքում կարող են ի հայտ գալ տարբեր բողոքներ և դժգոհություններ։ Դրանք կարող են լինել ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ» ,- ասաց նոտարական պալատի նախագահը, այնուհետև հավելեց, որ նոտարական համակարգում, իհարկե, կան որոշ թերություններ, բայց գրանցվել են նաև հաջողություններ․ «Հիմնական բողոքի պատճառը գալիս է երկրի սոցիալ տնտետսական զարգացվածության աստիճանից և մարդկանց իրավական գիտակցության մակարդակից»։

 

Նա նաև հույս հայտնեց, որ մարդկանց մոտ կվերանա այն մտածողությունը, որ նոտարը միայն կնիք դնող և փող վերցնող անձ է։

 

Նշենք, որ նոտարական համակարգում կատարվել են նաև կադրային բարեփոխումներ: Ավելացել են նոտարների քանակը, եթե նախկինում եղել է մոտ 70, ապա այժմ կա գրեթե 90 նոտար։

 

Միջոցառման վերջում եզրափակիչ խոսքով հանդես եկավ Լոռու հակակոռուպցիոն կենտրոնի համակարգող Արթուր Սուքիասյանը: Նա ներկայացրեց բոլոր այն դիմում բողոքները, որոնք ստացվել են Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն հանրային ծառայություններ մատուցող վերոհիշյալ կառույցների գործողությունների վերաբերյալ:

 

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել