Վարկային կազմակերպության և հաճախորդների փոխհարաբերությունները

Վարկային կազմակերպություններին արգելվում է հաճախորդի հետ վարկային կամ այլ գործարք կնքելիս տվյալ հաճախորդին պարտադրել, որ վերջինս վարկային կազմակերպության այլ ծառայությունների վերաբերյալ գործարք կնքի տվյալ վարկային կազմակերպության կամ նրա հետ փոխկապակցված անձանց հետ:

Վերոնշյալ պահանջը խախտելու, ինչպես նաև ակնհայտ կեղծ կամ ապակողմնորոշող տեղեկություններ տրամադրելու համար վարկային կազմակերպությունը պատասխանատվություն է կրում օրենքով սահմանված կարգով:

Ցանկացած անձի պահանջով վարկային կազմակերպությունը պարտավոր է նրան հնգօրյա ժամկետում հնարավորություն ընձեռել ծանոթանալու՝
ա) վարկային կազմակերպության ֆինանսական հաշվետվությունների (առնվազն վերջին տարեկան) և հաշվետվությունների վերաբերյալ արտաքին աուդիտի եզրակացության պատճեններին.
բ) վարկային կազմակերպության պետական գրանցման վկայականի և վարկային կազմակերպության կանոնադրության պատճեններին.
գ) բաժնետոմսերի բաց բաժանորդագրության դեպքում՝ վարկային կազմակերպության բաժնետոմսերի թողարկման ազդագրի պատճենին.
դ) վարկային կազմակերպության թողարկած պարտատոմսերի և այլ արժեթղթերի հրապարակային տեղաբաշխման դեպքում՝ «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, ինչպես նաև այլ իրավական ակտերով նախատեսված տեղեկություններին՝ սահմանված ծավալով և կարգով:
Վարկային կազմակերպությունները պարտավոր են առանձին գրքույկի կամ հասարակության համար հասանելի այլ ձևով (վարկային կազմակերպության գլխամասային գրասենյակում, վարկային կազմակերպության մասնաճյուղերում և ներկայացուցչություններում) հրապարակել թարմացված տեղեկություններ՝ իրենց կողմից վարկերի և փոխառությունների տրամադրման, ինչպես նաև մատուցվող բոլոր այլ ծառայությունների և հաճախորդների համար իրականացվող ֆինանսական գործառնությունների վերաբերյալ, այդ թվում՝ տոկոսադրույքներ, ծառայության միջնորդավճարներ, ժամկետայնություն և այլ էական պայմաններ:

Ընդ որում, ցանկացած փոփոխության կատարման դեպքում այդ տեղեկությունները պետք է անմիջապես թարմացվեն և հրապարակվեն սույն կետով սահմանված կարգով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել