Կամբոջայում մարդու իրավունքների պաշտպան տասներեք կանայք են կալանավորվել: Նրանք առաջատար դեր են ունեցել սեփականազրկման և բռնի վտարումների դեմ խաղաղ ցույցերում: Ավելի քան 3000 ընտանիքներ վտարվել են Պնոմ Պենի կենտրոնական մասում Բոունգ Կակ լճի մոտ գտնվող իրենց տներից: «Քաղաքացիական իրավունքների պաշտպաններ» կազմակերպությունը կոչ է անում իրավասու անձանց չեղյալ համարել մեղադրանքը և առանց որևէ պայմանի ազատել կանանց:
Դատավճիռը կայացվել է արդարության միջազգային ստանդարտներին անհամապատասխան:
«Քաղաքացիական իրավունքների պաշտպաններ» կազմակերպության փոխանցմամբ` դատավարությունը տևել է ընդամենը 3 ժամ, իսկ դատարանը մերժել է գործերի նախապատրաստման համար ժամանակ տրամադրելու վերաբերյալ պաշտպանների խնդրանքը։ Դատարանը պաշտպանող կողմին չի թույլատրել վկաներ հրավիրել, ինչպես նաև չի տրամադրել գործի նյութերը և փաստերը:
«Քաղաքացիական իրավունքների պաշտպաններ» կազմակերպությունը մարդու իրավունքների պաշտպան այլ կազմակերպությունների հետ բաց նամակ են հղել Կամբոջայի վարչապետին` կոչ անելով չեղյալ համարել դատարանի որոշումը և պաշտպանել ազատ արտահայտվելու և հավաքների ազատության իրավունքները:
Հ.Գ. Զանգվածային բռնի վտարումներ և խաղաղ ցույցեր
Այս հարցի շուրջ քննարկումները սկսվել են դեռ 2007 թվականից, երբ Բոունգ Կակ լճին հարող տարածքը 99 տարով հանձնվել էր Շուկակու (Shukaku Inc.) կազմակերպության տիրապետմանը և աղբավայր դարձել: Ի հավելում, կազմակերպության ղեկավարը, հանդիսանում է Կամբոջայում կառավարող «Կամբոջայի Ժողովրդական կուսակցությունը» ներկայացնող սենատոր։
Հողային վեճը հանգեցրել է մոտ 15000 մարդկանց բռնի վտարման, որին հետևել են իրենց իրավունքները պաշտպանող բնակչության խաղաղ ցույցեր։ Տասներեք կանայք հանդես են եկել որպես համայնքի առաջնորդներ, որոնք խաղաղ եղանակով ու հմտորեն պաշտպանել են իրենց համայնքի իրավունքները։ Նրանց բազմիցս ահաբեկել են, հետապնդել և խանգարել, սակայն 2011 թվականին նրանց ցույցերի արդյունքում մի փոքրիկ հողատարածք վերադարձվել է մնացած մոտ 600 ընտանիքների։