ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչության և ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից իրականացված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և պլանավորված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ մի խումբ անձինք` շահադիտական նպատակով, երկու և ավելի անձանց անօրինական միգրացիան կազմակերպելու դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով Երևան քաղաքում գործող տուրիստական գործակալության ղեկավար կազմի հետ, կատարելով դերերի բաշխում, յուրաքանչյուր անձի հաշվարկով 20000-26000 ԱՄՆ դոլարի դիմաց կազմակերպել են ՀՀ մի շարք քաղաքացիների անօրինական մեկնումը օտարերկրյա պետություններ և Շենգենյան համաձայնության երկրներ՝ այդ նպատակով մեկնող անձանց անվամբ պատրաստելով աշխատանք ունենալու, աշխատավարձի չափի, այլ եկամուտների, անշարժ ու շարժական գույքերի վերաբերյալ կեղծ փաստաթղթեր, որոնք ներկայացվել են ՀՀ-ում և արտերկրում գտնվող իրավասու մարմիններին:
Նախաքննության ընթացքում քրեական վարույթի շրջանակներում անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող հանցավոր խմբի անդամների բնակարաններում, ավտոմեքենաներում, ինչպես նաև տուրիստական գործակալությունում կատարված խուզարկություններով հայտնաբերվել և վերցվել են բազմաթիվ կեղծ կնիքներ, դրոշմներ, փաստաթղթեր, փաստաթղթերի դատարկ ձևանմուշներ, օտարերկրյա պետություններ անօրինական մուտքի թույլտվություն ստացած մի քանի տասնյակ քաղաքացիների կողմից վճարված առանձնապես խոշոր չափերով գումարների վերաբերյալ գրառումներ պարունակող նոթատետրեր, էլեկտրոնային կրիչներ:
Հատկանշանական է նաև այն, որ հանցավոր խմբի անդամներն իրենց հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու համար չեն խորշել նույնիսկ պետության հեղինակությունն ու միջազգային վարկանիշն էապես խաթարող այնպիսի կեղծ տեղեկություններ ներկայացնելուց, ինչպիսիք են քաղաքական հայացքներով պայմանավորված՝ անձանց որոշ խմբերի նկատմամբ ՀՀ-ում քաղաքական հետապնդումների ենթարկվելու, իշխանությունների կողմից բռնաճնշումներ գործադրելու և այլ մտացածին նույնաբնույթ հանգամանքների վերաբերյալ:
Մասնավորապես` վարույթում առկա փաստական տվյալներով հաստատվել է, որ խմբի անդամները մի շարք անձանց տրամադրել են նախապես մշակված տեքստեր այն մասին, թե իբր ՀՀ-ում 2018 թվականից հետո գործող իշխանությունների կողմից քաղաքական ճնշումներ են սկսվել Հանրապետական կուսակցության անդամների և նրանց աջակիցների նկատմամբ, որի արդյունքում չեն դիմացել հալածանքներին, հետապնդումներին և հարկադրված լքել են հայրենիքը, ինչի կապակցությամբ հրահանգավորումներ են կատարել և հորդորել քաղաքացիներին՝ նույնությամբ չկրկնել տեքստի բովանդակությունը: Ավելին, խմբի անդամները նախապես մշակված տեքստերում հատուկ շեշտադրումներ են կատարել այն մասին, որ քաղաքական հայացքներով պայմանավորված՝ հիշյալ անձանց կյանքին ու ազատությանը վտանգ է սպառնում, նրանք կորցրել են իրենց բիզնեսը և այլ մտացածին կեղծ տեղեկություններ՝ հայցելով օտարերկրյա կառավարությանը՝ քաղաքական ապաստան տրամադրել իրենց:
Նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել հանցավոր խմբի անդամներից 6-ի նկատմամբ անօրինական միգրացիայի կազմակերպման, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր, կնիքներ պատրաստելու և օգտագործելու համար ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, նրանցից 4-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, 1 անձի նկատմամբ կիրառվել է գրավ, իսկ 1-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են քննչական անհրաժեշտ գործողություններ և օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, հանցավոր սխեմայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցներ կիրառելու համար:
Ազգային անվտանգության ծառայությունը զգուշացնում է, որ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում այսուհետ ևս համարժեք միջոցներ է ձեռնարկելու` ՀՀ քաղաքացիների՝ օտարերկրյա պետություններ մուտքն ապօրինի ճանապարհով կազմակերպող հանցավոր խմբերի բացահայտման ու մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, միաժամանակ տեղեկացնում, որ նշված հանցավոր արարքի համար ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված է ազատազրկում` 4-8 տարի ժամկետով:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: