Հուլիսի 14-ին, ժամը 02.03-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած բազմաթիվ վերքերով բուժօգնության է դիմել 35-ամյա երիտասարդ: Նա հայտնել է, որ Ջրվեժում անհայտ անձը դանակահարել է իրեն:
Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:
Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը:
Ըստ բժշկի տեղեկանքի՝ երիտասարդն ի վիճակի չէր բացատրություն տալու:
Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ ժամը 01.30-ին Մայակ թաղամասում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխվածին կտրող-ծակող գործիքով վնասվածքներ է պատճառել Մայակ թաղամասի 19-ամյա բնակիչը: Նա և վիճաբանության մասնակից 16-ամյա պատանին ձերբակալվել և ներկայացվել են նախաքննական մարմնին:
Նույն օրը, ժամը 04.35-ին, հիվանդանոցից հաջորդ հաղորդումն է ստացվել. ծոծրակի ծակած-կտրած վերքով բուժօգնության էր դիմել 40-ամյա տղամարդ և հայտնել է, որ Ջրվեժի խանութի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ անհայտ անձը դանակով խփել է իրեն:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները պարզել են, որ դեպքը տեղի էր ունեցել նույն՝ Մայակ թաղամասում, և 40-ամյա տղամարդուն նույնպես դանակահարել էր 19-ամյա երիտասարդը:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: