Աշխատանքից հեռացնում են Ավետիք Չալաբյանի եղբորը՝ Արա Չալաբյանին։ Այս մասին գրառում է կատարել «5165» շարժման անդամ Մենուա Սողոմոնյանը:
«Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը աշխատանքից ազատվելու պահանջ է փոխանցել ԿԲ կորպորատիվ ծառայությունների և զարգացման դեպարտամենտի ղեկավար Արա Չալաբյանին՝ Ավետիք Չալաբյանի եղբորը։
Ես սա չեմ գրում Նիկոլի կերպարը ցույց տալու համար. էստեղ ասելիք առանձնապես չկա։ Այլ գրում եմ իմ էն ոչ բարով «հյումըն րայթս» ծանոթների համար, ովքեր առաջ իրենց ճղում էին, իսկ հիմա ձկան պես լուռ են»,-նշել է նա:
Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Ավետիք Չալաբյանի նկատմամբ սկսվել է քրեական հետապնդում քրեական գործի շրջանակներում, որը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, որը նախատեսում է պատասխանատվություն Հավաքին մասնակցելուն հարկադրելը կամ հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու համար՝ կատարված երկու կամ ավելի անձանց նկատմամբ: Նա կալանավորվել է: