Արթուր Ղամբարյանը՝ դատարանի կողմից կալանքը գրավով փոխելու մասին

Իրավագիտության դոկտոր, քրեական իրավունքի մասնագետ Արթուր Ղամբարյանը գրում է.

«Դատարանի կողմից կալանքը գրավով փոխելու մասին

Արդարադատություն իրականացնելիս՝ դատավորի կողմից  գրավ ընտրելու ( տարբերել՝ գրավ կիրառելուց) փաստն արդյոք մեղադրյալին, մինչև գրավը մուծելը, ազատ արձակելու հիմք է։
Այս հարցին առնչվում է երկու իրավանորմ, ուստի հարցին պատասխանելիս՝ պետք է այդ նորմերը մեկնաբանել համակցված (համակարգային)։

1) Իրավասու անձը մեղադրյալին ազատում է կալանքից, եթե՝ սույն օրենսգրքով սահմանված կարգով կալանքը որպես խափանման միջոց փոխվել է (ՀՀ քր․ դատ․ օր․-ի 120-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետ):
Ի տարբերություն նախկին քր․ դատ․ օր․ կարգավորման, որտեղ  նշված էր, որ կալանքի ազատելու հիմք է այլընտրանքային միջոցների կիրառման համար անհրաժեշտ գործողությունները կատարված լինելը, նոր օրենսգրքում կալանքից ազատելու նորմում նման կարգավորում նախատեսված չէ, ուստի, վերը նշված 7-րդ կետը եթե մեկնաբանենք մեկուսի, ապա կստացվի, որ կալանքը գրավով ՓՈԽԵԼԸ ինքնին անձին կալանքից ազատելու հիմք է։
Սակայն գրավի մասով ՀՀ քր․ դատ․ օր․-ի 120-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը չի կարող մեկուսի մեկնաբանվել, քանի որ առկա է հարբերությանը վերաբերող մեկ այլ նորմ։

2) Գրավը կիրառված է համարվում գրավի մուծված լինելը հավաստող փաստաթուղթը վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու պահից (ՀՀ քր․ դատ․ օր․-ի 125-րդ հոդվածի 4-րդ մաս):
Քննարկվող իրավիճակում Օրենսդիրը հիմք է ընդունել խափանման միջոց «ընտրել» և «կիրառել» փուլերի հարաբերական ինքնուրույնությունը, ինչը նշանակում է, որ Կալանքը  համարվում է գրավող փոխարինված գրավը կիրառելու և ոչ թե ընտրելու պահից։

Այս պայմաններում դատավորը, ղեկավարվելով  ՀՀ քր․ դատ․ օր․-ի 18-րդ հոդվածի 2-րդ մասով, 120-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և 125-րդ հոդվածի 4-րդ մասով, որոշման եզրափակիչ մասում պետք է նշի․
1․ Անազատության մեջ գտնվող մեղադրյալի նկատմամբ ԸՆՏՐԵԼ գրավ խափանման միջոցը։
2. Գրավը համարվում է կիրառված, իսկ Կալանքը՝ որպես խափանման միջոց, համարվում է գրավով փոխված գրավի մուծված լինելը հավաստող փաստաթուղթը վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու պահից։

Հարցը, ամենայն հավանականությամբ, այլ կերպ կլուծվի, եթե դատավորը որոշի կալանքը փոխել և կիրառել (ընտրել) մի քանի այլընտրանքային խափանման միջոց, օրինակ՝ գրավ և  բացակայելու արգելքը։

Բացակայելու արգելքի դեպքում առկա չէ խափանման միջոց ընտրելու և կիրառելու փուլերի տարբերակում, ուստի բացակայելու արգելքը կիրառելը ինքնին նշանակում է, որ կալանքը փոխվել է, ուստի առկա է անձին կալանքից ազատելու հիմք»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել