«Ռազմինֆո»-ի համակարգող, տեղեկատվական անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Նիկոլական քարոզչության հնարքներից մեկը հետևյալն է. երբ ինչ-որ թեմա դաշտ են նետում, շատ ճիշտ ընտրված բառերով այսպես ասած «խարիսխներ» են ձևակերպում, որոնք հետագայում ստիպում են, որ նույնիսկ իրենց ընդդիմախոսները քննադատելիս ակամա այդ խարսխած միտքն ամրապնդեն։
Տեսե՛ք, ամենաթարմ օրինակը. Տաթևի ճանապարհն «այլընտրանքային» անվանելը։ Բոլորս իներցիայով ասում ենք դրան «այլընտրանքային»։
Ի՞նչ այլընտրանք, ինչի՞ն է այն այլընտրանք։ Գորիս-Կապան նորմալ ճանապարհը հայերի համար համարյա մի տարի է՝ ՓԱԿ է, այսինքն Տաթևի այդ ահավոր ճանապարհը ոչ թե «այլընտրանքային» է, այլ ՄԻԱԿՆ է։
Երբ Տաթևի ճանապարհն անվանում են այլընտրանքային, մարդկանց մեծ մասին թվում է, թե դա երկրորդական ճանապարհ է, որ կա մի հատ էլ հիմնական ճանապարհ։ Ու դու կարող ես 3 ժամ խոսել ու դժգոհել Տաթևի ճանապարհից, բայց քչերն են հասկանալու, որ դա Կապանի և Մեղրիի հետ մեր ՄԻԱԿ կապն է։
Մեկ այլ օրինակ՝ «խաղաղության օրակարգ» ցինիկագույն ձևակերպումը։ Իրականում ակնհայտորեն պատերազմի օրակարգ է այն, ինչ Նիկոլն անում է. նա մեզ տանում է կործանարար, աղետալի, նախօրոք պարտված պատերազմի։
Բայց այդ «խաղաղության օրակարգի» սուտ ձևակերպմամբ ստացվում է, որ Նիկոլի դեմ պայքարելով մենք պայքարում ենք խաղաղության դեմ, պայքարում ենք հանուն պատերազմի։
Այսպիսի թակարդներից խուսափելը բարդ է, պահանջում է ազգային թևի համակարգված ու մտածված աշխատանք։
Ամեն բառը պետք է զգուշորեն ու խնամքով ընտրվի, իսկ այսպիսի թակարդ-եզրերը պետք է շատ արագ հերձվեն ու դուրս մղվեն մեր խոսքից, հանրային բառապաշարից»։