Ինչպե՞ս է որոշվում զինծառայողի հիվանդության, վնասվածքի կամ խեղման կապը զինծառայության հետ

Զինծառայողների հիվանդությունների, վնասվածքների և խեղումների` ծառայության հետ պատճառական կապը որոշում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովը:

Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովը զինծառայողների հիվանդությունների, վնասվածքների և խեղումների` ծառայության հետ պատճառական կապը որոշելիս ղեկավարվում է «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ օրենքներով ու իրավական ակտերով, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամաններով և սույն կարգով:

Նշենք, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերից սահմանված կարգով արձակվելուց հետո ծառայության ժամանակ ծագած հիվանդության և խեղման պատճառական կապի մասին փորձագիտական որոշումները քննարկվում և հաստատվում են զորացրվելուց հետո` 5 տարվա ընթացքում:

Ծառայության ժամանակ ստացած վնասվածքի պատճառական կապի մասին փորձագիտական որոշումները քննարկվում և հաստատվում են անկախ ծառայությունից սահմանված կարգով արձակվելու ժամանակահատվածից:

Հիվանդացած անձանց ծառայության հետ հաշմանդամության պատճառական կապը որոշելու համար զինկոմիսարիատի ուղեգրով կենտրոնական բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով են ներկայացվում հետևյալ փաստաթղթերը՝
ա) տեղեկանք զինկոմիսարիատից ծառայության և զորացրման մասին,
բ) առողջապահական կազմակերպությունից հիվանդությունը, վնասվածքը կամ խեղումը հաստատող փաստաթուղթ,
գ) կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի որոշումը հիվանդությունը, վնասվածքը կամ խեղումը` զինվորական ծառայության հետ պատճառական կապ ունենալու մասին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել