Նոտարական գործողություններ իրականացնող մարմիններում պետական տուրքի վճարումից ազատվում են`
ա) ֆիզիկական անձինք` պետության կամ համայնքի օգտին կտակի կամ գույքի նվիրատվության պայմանագիրը վավերացնելու համար.
բ) պետությանը կամ համայնքին ժառանգության իրավունքով անցած գույքի մասին նրանց վկայագիր, ինչպես նաև դրանց ստացման անհրաժեշտ փաստաթղթեր տալու համար.
գ) ֆիզիկական անձինք` ժառանգության իրավունքի մասին նրանց վկայագիր տալու համար, եթե`
– բնակելի տունը` հողամասով բնակարանը կամ բնակարանային-շինարարական կոոպերատիվում փայն անցնում է ժառանգատուի հետ համատեղ բնակվող այնպիսի անձանց, ովքեր ժառանգատուի մահվան օրվա դրությամբ եղել են հաշվառված նույն տանը և նրա մահից հետո շարունակում են բնակվել այնտեղ,
– ժառանգության իրավունքի օբյեկտ են համարվում բանկերում եղած ավանդները, անձնական և գույքային ապահովագրության գծով ապահովագրական գումարները, պետական փոխառության պարտատոմսերը, աշխատավարձի գումարները, կենսաթոշակները.
դ) ֆիզիկական անձինք` թոշակների և նպաստների ստացման վերաբերյալ լիազորագրերը վավերացնելու համար.
ե) մայրերը` բազմազավակության շքանշաններով և մեդալներով իրենց պարգևատրելու մասին փաստաթղթերի պատճենների իսկությունը վավերացնելու համար.
զ) այն քաղաքացիների ժառանգները, ովքեր իրենց աշխատանքի (ծառայության) վայրում կազմակերպությունների հաշվին ապահովագրված են եղել դժբախտ պատահարի հետևանքով մահվան կամ զոհվելու դեպքերից` ապահովագրական վարձատրության ժառանգման իրավունքը հաստատող վկայագիր տալու համար.
է) երկրորդ աշխարհամարտի հաշմանդամները և այն անձինք, ովքեր հաշմանդամ են դարձել Հայաստանի Հանրապետությունը, նախկին ԽՍՀՄ-ը պաշտպանելիս կամ զինվորական այլ պարտականություններ կատարելիս վիրավորվելու, կոնտուզիայի, խեղման կամ ռազմաճակատում գտնվելու հետ կապված հիվանդության հետևանքով, նախկին պարտիզան հաշմանդամները, ինչպես նաև կենսաթոշակային օրենսդրությանը համապատասխան զինծառայողների` վերը նշված խմբերին հավասարեցված մյուս հաշմանդամները, երկրորդ աշխարհամարտում Հայաստանի Հանրապետությունը, նախկին ԽՍՀՄ-ը պաշտպանելիս կամ զինվորական այլ պարտականություններ կատարելիս զոհված կամ անհայտ կորած անձանց ընտանիքի անդամները` վերոհիշյալ հիմքերով արտոնություններ վերապահելու համար անհրաժեշտ փաստաթղթերի պատճենների իսկությունը վավերացնելու համար.
թ) սեփականատերերն ու օգտագործողները` կադաստրային քարտեզագրումն ավարտված տարածքներում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման գործընթացի ժամանակ պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերի օտարման պայմանագրերը վավերացնելու համար.
ժ) ֆիզիկական անձինք` պետական սեփականություն համարվող բնակարանների անհատույց մասնավորեցման (նվիրատվության) պայմանագրի վավերացման համար.
ժա) սեփականատերը` օրենքով նախատեսված դեպքերում սեփականության իրավունքով անհատույց տրամադրված պետական սեփականություն համարվող հողամասերի օտարման պայմանագրերը վավերացնելու համար.
ժբ) 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձինք` իրենց զբաղեցրած համայնքային բնակարանային ֆոնդի բնակելի տարածքների վարձակալության պայմանագրերը վավերացնելու համար.
ժգ) սեփականատերերը և օգտագործողները՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 225 հոդվածով սահմանված բնակելի տարածության օգտագործման պայմանագրերը վավերացնելու համար.
ժդ) Հայաստանի Հանրապետության պետական ծրագրերի շրջանակներում հողերի միավորման (կոնսոլիդացիա) պայմանագրերը վավերացնելու համար: