Արծվիկ Մինասյանի քրոջ որդուն առաջադրված մեղադրանքը վերաորակվել է. փաստաբան

Քիչ առաջ Երևան քաղաքի դատարանը՝ նախագահությամբ Ռոբերտ Պապոյանի վճռեց վերաորակել Արծվիկ Մինասյանի քրոջ որդուն՝ Հայկ Հեքիմյանին ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրել) առաջադրված մեղադրանքը և նրան մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով (ծեծ կամ այլ բռնի գործողություն), որպես պատիժ նշանակեց 50.000 ՀՀ դրամ տուգանք և, հաշվի առնելով Հայկի գրեթե մեկ ամիս կալանքի տակ գտնվելու հանգամանքը, ազատեց այդ տուգանքի վճարումից։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Բենիկ Գալստյանը:

«Բնականաբար Դատարանը սա կատարեց ի հեճուկս մեղադրողի՝ Երևան քաղաքի դատախազության դատախազի դիրքորոշման, ով պահանջում էր Հայկին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտել 1 տարվա ազատազրկման»,-գրել է նա:

Փաստաբանը նշել է, որ Դատարանի վճռի հետ համաձայն չէ և գտնում է, որ Հայկը պետք է արդարացվեր՝ անհրաժեշտ պաշտպանության կանոնների կիրառմամբ. «Չմոռանանք, որ Հայկը խաղաղ հավաքի ընթացքում հարվածում է ոստիկանին այն բանից հետո, երբ վերջինս առանց որևէ պատճառի 3 անգամ հարվածում է Հայկի դեմքին՝ վնասելով նրա քիթն ու աչքը։ Բնականաբար դատավճռի դեմ ներկայացնելու եմ վերաքննիչ բողոք»։

Նա անդրադարձել է դատավորի աշխատանքին, նշելով որ Ռոբերտ Պապոյանն այս դեպքում իրեն դրսևորել է որպես իսկական դատավոր՝ տեղի չտալով օրվա իշխանության ճնշումներին, Հայկին չդարձնելով հերթական քաղաքական բանտարկյալ:

«Իսկ անհրաժեշտ պաշտպանության վերաբերյալ իմ պնդումների հետ չհամաձայնվելը, այս դեպքում ես ընկալում եմ որպես երկու իրավաբանների՝ դատավորի և պաշտպանի զուտ իրավական վեճ, որը կլուծեն վերադաս դատական ատյանները»,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել