ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր և խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 35-ամյա տղամարդը համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, 2020թ. հուլիսի 14-ից սեպտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում, իր և այլ անձանց անվամբ գրանցված բջջային հեռախոսահամարներով տարբեր ՓԲ ընկերություններում ստեղծել և նույնականացրել է էլեկտրոնային վճարային համակարգի հաշվառման հաշիվներ՝ էլեկտրոնային դրամապանակներ, այնուհետև դրանց միջոցով առցանց ձևակերպել է ընդհանուր 26 վարկային պայմանագրեր և համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակել է նշված պայմանագրերով հաստատված ու էլեկտրոնային դրամապանակներին մուտքագրված՝ առանձնապես խոշոր չափերով ընդհանուր՝ 3.205.000 ՀՀ դրամ գումարը:
Բացի այդ, հիշյալ տղամարդը, 2021 թվականի ապրիլին, «Facebook.com» սոցիալական կայքում այլ անձի անվամբ գրանցված անհատական էջից նամակագրություն վարելով նույն կայքի անհատական էջի օգտատիրոջ հետ, խաբեությամբ ստացել է վերջինիս հեռախոսահամարը, էլեկտրոնային դրամապանակ գրանցելու համար հեռախոսահամարին ստացված ծածկագիրը, ուղղորդել այդ անձին էլեկտրոնային դրամապանակը նույնականացնելու գործընթացում, այնուհետև՝ ունենալով նրա անվամբ գրանցված էլեկտրոնային դրամապանակի տվյալները, ՀՀ բանկերից մեկում վերջինիս անվամբ ձևակերպել է վարկ և համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակել խոշոր չափերով՝ 990.000 ՀՀ դրամ գումարը:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 35-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: