Երեկոյան տեսաուղերձում Ուկրաինայի նախագահը մեկնաբանել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությունը, որը մեծ աղմուկ է հանել երկրում։
Բանն այն է, որ հուլիսի 4-ին Զապորոժիեյի շրջանի ոստիկանական բաժանմունքի սոցիալական ցանցերում հաղորդագրություն է հայտնվել բնակության վայրերից հեռանալու արգելքի մասին։
Ավելի ուշ որոշումը հաստատվել է Գլխավոր շտաբի կողմից՝ 1992 թվականի օրենքի համաձայն՝ ռազմական դրության ժամանակ զորակոչիկներին և պահեստազորայիններին արգելվում է լքել իրենց բնակության վայրը՝ առանց զինկոմիսարիատի թույլտվության։ Պարզվել է, որ զինծառայության համար պատասխանատուները չեն կարող առանց հատուկ փաստաթղթերի մարզից մարզ (կամ քաղաքից քաղաք) տեղափոխվել։
Զելենսկին հանձնարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարարին, գլխավոր շտաբի պետին և զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարին զեկուցել իրեն նման թույլտվություն ստանալու կարգի վերաբերյալ բոլոր մանրամասները, ինչպես նաև վետո է դրել առանց իր իմացության ընդունվող սահմանափակումների վրա։