Դյուրավառ, պայթյունավտանգ կամ իր բնույթով վտանգավոր այլ գույքը, եթե դրանք ի պահ հանձնելիս պահատուն պահառուին չի նախազգուշացրել այդ հատկությունների մասին, վերջինս ցանկացած պահի կարող է վնասազերծել կամ ոչնչացնել` առանց հատուցելու պահատուի վնասները:
Պահատուն պատասխանատվություն է կրում այդպիսի գույքի պահատվության հետևանքով պահառուին և երրորդ անձանց պատճառված վնասների համար:
Արհեստավարժ պահառուին վտանգավոր հատկություններով գույքն ի պահ հանձնելիս սույն կետի առաջին պարբերությամբ նախատեսված կանոնները կիրառվում են միայն այն դեպքում, երբ այդպիսի գույքը պահատվության է հանձնվել ուրիշ անվանման ներքո, և պահառուն այն ընդունելիս չէր կարող արտաքին զննության միջոցով հավաստիանալ դրա վտանգավոր հատկությունների մասին:
Սույն կետով նախատեսված դեպքերում հատուցելի պահատվության ժամանակ գույքի պահատվության համար մուծված վճարը չի վերադարձվում, իսկ եթե այն մուծված չի եղել, պահառուն կարող է գանձել ամբողջությամբ:
Եթե պահառուի գիտությամբ և համաձայնությամբ` նշված հոդվածի 1-ին կետի առաջին պարբերության մեջ նշված` ի պահ ընդունված գույքը, չնայած դրա պահատվության պայմանների պահպանմանը, շրջապատի, պահառուի կամ երրորդ անձանց գույքի համար դարձել է վտանգավոր, և հանգամանքները պահառուին հնարավորություն չեն ընձեռում պահատուից պահանջել այն անհապաղ հետ վերցնելու կամ, երբ վերջինս չի կատարում պահառուի նման պահանջը, պահառուն կարող է գույքը վնասազերծել կամ ոչնչացնել առանց պահատուին հատուցելու վնասները:
Այդ դեպքում պահատուն պահառուի և երրորդ անձանց առջև պատասխանատվություն չի կրում նման գույքի պահատվությամբ պատճառված վնասների համար: