Ադրբեջանական կողմը չեղարկել է այսօր Բրյուսելում նախատեսված Գրիգորյան-Հաջիև հանդիպումը, առցանց ասուլիսի ժամանակ հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևի միջև հանդիպումներ ավելի վաղ եղել են։
«Շատ տարօրինակ են Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որ փորձում են ցույց տալ, թե Հայաստանը ձգձգում է խաղաղության պայմանագրի բանակցությունները և հետագա ընթացքը։ Այդ հայտարարություններից հետո ՀՀ ԱԳՆ-ից առաջարկ է գնացել Ադրբեջանի ԱԳՆ, որ տեղի ունենա նախարարների հանդիպում։
Նախորդ քննարկումների արդյունքում որոշվել է, որ Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնյաներ իրար հետ կապի մեջ պետք է լինեն, բայց Ադրբեջանն արդեն առնվազն մեկ այդպիսի դեպք ունենք, որ բոյկոտել է աշխատանքը, չի ներգրավվել ի հեճուկս պայմանավորվածությունների, և նախորդ օրվա ԱԳՆ-ի հնչած առաջարկին պատասխան չի ստացվել», – հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Խոսելով խաղաղության պայմանագրի մասին, Փաշինյանն ասաց՝ սեղանի վրա հրապարակվածից բացի, այլ փաստաթուղթ հայ-ադրբեջանական խոսակցության սեղանին չկա։