ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած՝ ՀՀ վարչապետին ուղեկցող ՃՈ ավտոմեքենայի վարորդին կալանավորելու պահանջով դատախազի կողմից բերված բողոքը՝ վարորդին թողնելով ազատության մեջ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։
«Քրեական գործի նախաքննության տեսանելի ընթացքի մյուս հանգամանքները ևս ցույց են տալիս, որ պետական պատվերի շրջանակներում ամեն ինչ արվում է Սոնա Մնացականյանի և նրա երեխայի մահվան մեջ մեղավոր անձանց հետագա անպատժելիությունն ապահովելու ուղղությամբ՝ ընդհուպ ապացույցների ոչնչացման միջոցով»,-նշել է նա։
Հիշեցնենք, որ քննչական կոմիտեն հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ ապրիլի 26-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկի մոտ «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարն իր կողմից վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արարատի մարզի 28-ամյա բնակչուհուն, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով վերջինս տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:
Նշված ավտոմեքենայի վարորդը դեպքից հետո թողել է ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը և հեռացել, սակայն ժամը 20:05-ին վերադարձել է դեպքի վայր և մասնակցել կատարվող քննչական գործողություններին:
Ինչպես արդեն հայտնել ենք, վրաերթի ենթարկված հղի կնոջը «Նաիրի» բժշկական կենտրոն են տեղափոխել արդեն սրտի կանգով, ինչի մասին Iravaban.net-ի հետ զրույցում հայտնել էր բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Անատոլի Գնունին:
Նրա խոսքով՝ մոտ մեկուկես ժամ բժիշկները փորձել են փրկել կնոջ կյանքը, սակայն չի հաջողվել: