Պետք է իրատես լինենք, եթե դուք հայտարարում եք, ապա զրկվում եք մանևրելու իրավունքից, պետք է կարողանանք քաղաքականությունն ու դիվանագիտությունը տարբերել պոպուլիզմից և հանրային խոսքից, ինչը մենք չենք անում և ամեն ինչ խառնում ենք իրար։ Այս մասին այսօր՝ հունիսի 22-ին, հանրային հեռուստաընկերության եթերում տված հարցազրույցի ժամանակ ասաց նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ պատասխանելով հարցին, թե համաձայն է ընդդիմության այն թեզի հետ, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում։
«Պետք չի այն մարդկանց, որոնք պատասխանատու են մեր երկրի համար բանակցային գործընթացի մեջ են, զրկել այդ հնարավորությունից։ Վարչապետը խիզախություն ունեցավ դրա մասին բացահայտ խոսել, բայց դրա մեջ ի՞նչ վատ բան կա, ամեն ինչ չի, որ պետք է հրապարակավ ասենք։ Հիմա ես ինչ–որ խոսել եմ անձնական հանդիպումներում՝ ես չեմ ներկայացնում, որովհետև ես պայմանավորվածություն չունեմ այդ մարդու հետ, հետևաբար իրավունք չունեմ բարձրաձայնել դրա մասին։ Ես հասկանում եմ իմ խոսքի կարևորությունը, դրսում բարձր ասելու ռիսկերը, սրա տարբերությունը շատ մեծ է։ Մեր ընդդիմությունն էլ շատ լավ գիտի, որովհետև ընդդիմության մեջ կան մարդիկ, որոնք այդ իրավիճակում հայտնվել են, և այդ առումով իրենց պահվածքն ինձ համար հարցական է։ Եթե բոլորս սրտացավ ենք Արցախի հարցում, իսկ ես ընդունում եմ, որ բոլորս սրտացավ ենք, այդ սրտացավությունը պետք է արտահայտվի նրանով, որ ամեն մեկս մեր տեղում մեր անելիքները անենք»,- ասաց նախագահը։