Ադրբեջանի և Հայաստանի սահմանամերձ առանձին շրջաններում պարբերաբար տեղի ունեցող միջադեպերը հաստատում են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովի համակարգված և կանոնավոր աշխատանքի անհրաժեշտությունը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հունիսի 22-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով հունիսի 19-ին Վարդենիսում հայ զինծառայողի մահվան դեպքը։
«Ադրբեջանի և Հայաստանի սահմանամերձ առանձին շրջաններում կրկնվող միջադեպերը, խնդիրները հաստատում են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովի համակարգված և կանոնավոր աշխատանքի արդիականությունն ու անհրաժեշտությունը, որի մասին մենք բազմիցս խոսել ենք»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
Նա նաև ընդգծել է սահմանին կայունության և անվտանգության բարելավմանն ուղղված քայլերի ձեռնարկման կարևորությունը, ինչպես փաստագրված է 2020 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների հայտարարության մեջ։