«Դիմադրություն» շարժման մասնակիցները քայլերթով հասան Ազգային անվտանգության ծառայության շենքի մոտ, որտեղ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ելույթով հանդես եկավ:
«Ազգային անվտանգության ծառայությունն ու իր բոլոր աշխատակիցները պետք է լավ հիշեն, թե ինչ է տեղի ունեցել 2018 թականից հետո այս իշխանության հետ աշխատելու պատրաստակամություն հայտնած ԳՇ պետի, պաշտպանության և արտակարգ իրավիճակների նախարարների հետ: Այս կառույցում նստած աշխատակիցները պետք է գիտակցեն, որ գործող իշխանության որևէ ծառայություն, հավատարմություն և նրանց մատուցած որևէ բան ունենալու է մի ելք. դուք բոլորդ գնալու եք Դավիթ Տոնոյանի, Անդրանիկ Փիլոյանի և ԳՇ պետի հետևից, ովքեր մտածել են, որ այս իշխանության հետ համագործակցելով ապահովագրում են իրենց աթոռը: Նրանց մի մասն այսօր հայտնվել է անդունդի եզրին, իսկ մի մասը կալանավորման մեջ է»,- ասաց նա:
Վերջինս նշեց, թե ցանկանում է ԱԱԾ-ում ծառայող յուրաքանչյուր աշխատակից հիշի, որ առաջին հերթին ծառայում է Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը և այն առաքելությանը, որտեղ երկար տարիներ շատերը աշխատել են: