Դատական համակարգը պետք է լինի անկախ, անվախ ու արդար, միայն այս երեք բաղադրիչներով մենք կունենանք մեր պատկերացրած դատական համակարգը։ Այս մասին այսօր՝ հունիսի 18-ին, Ֆրանսիայի հրապարակում ընթացող համապետական հանրահավաքի ժամանակ ասաց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
«Քննչական մարմինները պետք է լինեն գործադիրից անկախ, որ պատվերով գործեր «չկարեն», այլ լինեն արդար։ Դատախազները պետք է լինեն ապաքաղաքական, սկսած գլխավոր դատախազից։ Չի կարող անկիրթ, անկենսագրություն մարդը այս երկրի հանդեպ պատասխանատվություն ունենալ։
Չի կարելի, ոստիկանին պարգևավճարով կախյալ դարձնել։ Չի կարելի, դատավորի միջոցով վարկերի բեռի տակ հայտնված բազմազավակ ընտանիքի վերջին բնակարանը բռնագանձել, իսկ դղյակներից միայն խոսել ու վախենալ։
Չի կարելի, գլխավոր դատախազին վերածել վարչապետի օգնականի կամ հակառակը։ Չի կարելի, արդարություն ապահովող՝ իրական դատավորի աշխատավարձը լինի ավելի ցածր, քան ոչինչ չանող ՔՊ-ական նախարարինը՝ պարգևավճարներով։
Այս ամենը չի լինելու մեր պայքարի արդյունքում, մեր վճռական պայքարի ու այս չի կարելիները չեն լինելու, որովհետև մինչև վերջ պայքարելու ենք»,-նշեց Վարդևանյանը։