ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունները քննարկում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտ (անվստահություն) հայտնելու հարցը:
Iravaban.net-ը ներկայացնում է անվստահություն հայտնելու կարգը՝ համաձայն Սահմանադրության։
Այսպիսով, Սահմանադրության 115-րդ հոդվածի համաձայն՝ վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ կարող է ներկայացնել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը միայն այն դեպքում, եթե որոշման նախագծով միաժամանակ առաջարկվում է նոր վարչապետի թեկնածու:
Նախագիծը քվեարկության է դրվում այն ներկայացվելուց ոչ շուտ, քան 48, և ոչ ուշ, քան 72 ժամ հետո: Որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ անվանական քվեարկությամբ:
Որոշման ընդունման դեպքում համարվում է, որ վարչապետը հրաժարական է ներկայացրել: Վարչապետին անվստահություն կարելի է հայտնել նրա նշանակումից ոչ շուտ, քան մեկ տարի հետո: Եթե վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը չի ընդունվում, ապա նման նախագիծ կարող է ներկայացվել ոչ շուտ, քան 6 ամիս հետո:
Արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ չի կարող ներկայացվել կամ քննարկվել: