Քաղաքական, բովանդակային, կենցաղային և անգամ լոգիստիկ տեսանկյուններից ձախողված ընդդիմությունը գնաց նահանջի, գնաց՝ նահանջը որպես հերթական՝ արդեն կարծեմ միլիոներորդ նոր փուլ ներկայացնելով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
«Շարժման մեկնարկից ի վեր ընդդիմադիր առաջնորդները, որ փորձում էին 2018-ի համաժողովրդական շարժման էժան կրկնօրինակումը պատկերել, այդպես էլ չհասկացան 2018-ի շարժման էությունն ու ֆենոմենը, թեև զարմանալի չէ, որ այդքանը հասկանային, չէին լինի այն, ինչ կան։
Ամեն դեպքում կարծում եմ արժանին է պետք մատուցել ընդդիմադիր առաջնորդներին, որոնք մեկ ամսից ավել ապրում ու ստեղծագործում էին «էնքան պիտի ասենք, որ մածունը սև է, մինչև սևանա» սկզբունքով։ Հենց այդ սկզբունքով Իշխան Սաղաթելյանը 2-3 հազարանոց կոմպակտ հավաքները անվանում էր համաժողովրդական 50 000-անոց հանրահավաքներ, հենց այդ սկզբունքով Գյումրիում պապիկներ ծեծողներին ու Երևանում կվալդով ոստիկանի գլխին խփողներին անվանում էին քաղհալածյալներ ու հենց այդ սկզբունքներից է երևի, որ հավաքներին միջին հաշվով մասնակցում էին ընդդիմությանը ձայն տված քաղաքացիների 1, իսկ լավագույն դեպքում 2%-ը միայն։
Մեզ մնում է միայն ֆիքսել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին (նույնիսկ մեկ տարի առաջ ընդդիմությանը ընտրած) ևս մեկ անգամ փաստեց, որ ռևանշիստ թալանափրկիչները վերադարձի ճանապարհ չունեն։
Իսկ այն պահը, որ Հայկ Մամիջանյանը այս հրաժեշտի հավաքում խոսում էր «Սորոսի հիմնադրամը» փակելու անհրաժեշտությունից ու խոսում էր հոր՝ Գագիկ Ղազինյանի հետ միասին նույն հիմնադրամից մի քանի հարյուր հազար դոլարանոց գրանտներ ստացած Արթուր Ղազինյանի հավանությամբ լի հայացքի առաջ, անկեղծ ասած՝ անչափ նման էր խորտակվող Տիտանիկում դեռ նվագող ջութակահարների կադրերին»։