Ենթադրյալ կաշառքի գործով լսումներն անցնում են դռնփակ ռեժիմով

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, շարունակում է ենթադրյալ կաշառքի գործով քննությունը։

Նիստի սկզբում Դանիբեկյանը տեղեկացրեց, որ դատարան է ստացվել Արմեն Գևորգյանի՝ երկրից ժամանակավորապես բացակայելու վերաբերյալ միջնորդությունը։ Պատգամավորի պաշտպան Լուսինե Սահակյանը հայտնեց, որ ունեն նաև Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ միջնորդություն, որը չի կարող քննվել հաջորդ դատական նիստին, քանի որ Գևորգյանի մեկնումը նախատեսվում է հունիսի 19-ին։

Չնայած դրան՝ դատավորը որոշեց, որ պետք է անցնեն ապացույցների հետազոտմանը, ինչին պաշտպանական կողմն առարկեց։

ՀՀ երկրորդ նախագահի պաշտպան Հայկ Ալումյանը նշեց, որ, հետաձգելով միջնորդությունների քննարկումը, դատարանը ցույց է տալիս, որ մերժելու է դրանք։

Այնուհետև Լուսինե Սահակյանը հայտնեց, որ ունեն միջնորդություն՝ դռնփակ դատական նիստ անցկացնելու վերաբերյալ։ Դատարանն անցավ դռնփակ նիստի՝ քննելու միջնորդությունը։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից և տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927․000․000 ՀՀ դրամին համարժեք 3․000․000 ԱՄՆ դոլար կաշառք։

Արմեն Գևորգյանը մեղադրվում է Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վճարելու գործարքին չխոչընդոտելու համար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել