Քաղաքացի Հայկ Ս․-ին մեղադրանք է առաջադրվել դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու համար։
Iravaban.net-ը «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ վերջինս Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Թաթուլ Պողոսյանի պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող, դատավորի համբավն արատավորող վիրավորական հայհոյանքներ է տվել։ Բացի այդ, դատավորի հասցեին հնչեցրել Է սպանության վերաբերյալ սպառնալիքներ՝ կապված գործը դատարանում քննելու հետ։
Գործը Արարատի և Վայոց ձորի ընդհանուր իրավասության դատարան է ստացվել մայիսի 5-ին և մակագրվել դատավոր Գրիգոր Հովհաննիսյանին։
Պողոսյանի կողմից քննվող գործով Հայկ Ս․-ն գործով ունի տուժողի դատավարական կարգավիճակ։ Հերթական նիստին ներկայացած երեք վկաներին դատավորը տեղեկացրել է, որ նրանք համարվում են պատշաճ ծանուցված հոջորդող դատական նիստի օրվա և ժամանակի մասին, և նիստը հայտարարել է փակված։ Մինչ նախագահող դատավորի կողմից դատական նիստերի դահլիճից հեռանալը, տուժող Հայկ Ս․-ն դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է դրսևորել, այն Է՝ նախ դժգոհություն է հայտնել դատական նիստը հետաձգելու կապակցությամբ, ապա դատավոր Թաթուլ Պողոսյանի հասցեին հնչեցրել է վիրավորական արտահայտություններ և սեռական բնույթի հայհոյանքներ՝ հանիրավի մեղադրելով դատական նիստը ձգձգելու և անաչառ չլինելու մեջ։
Դատական նիստերի դահլիճում ներկա գտնվող դատական կարգադրիչների միջամտությունից հետո Հայկ Ս․-ն դուրս է եկել դատական նիստերի դահլիճից, որտեղ՝ դատարանի շենքում և շենքի դիմաց, շուրջ 5-10 րոպե ագրեսիվ տոնով շարունակել է հնչեցնել դատավոր Թաթուլ Պողոսյանի պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող, դատավորի համբավն արատավորող վիրավորական, այդ թվում՝ սեռական բնույթի հայհոյանքներ՝ նաև հանիրավի կասկածի տակ դնելով դատավորի անաչառությունը։
Միաժամանակ Հայկ Ս․-ն դատարանի շենքում և շենքի դիմաց, բազմաթիվ մարդկանց ներկայությամբ դատավոր Թաթուլ Պողոսյանին հայհոյելու հետ միաժամանակ նրա հասցեին տվել է սպանության սպառնալիք՝ կապված դատավորի կողմից իր մասնակցությամբ քրեական գործը քննելու հետ, այն է՝ մի քանի անգամ հայտարարել է, որ սպանելու է նրան։
Գործը դատական քննության է նշանակվել, հերթական նիստը տեղի կունենա հուլիսի 4-ին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: