Քաղաքացին փորձել է կաշառել քննիչին, դատախազին և դատավորին․ նրանից գումարը հափշտակել են

Արտակ Մ․-ին մեղադրանք է առաջադրվել պաշտոնատար անձանց առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու փորձի համար։ Iravaban.net-ը «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ ամբաստանյալը թմրամիջոց իրացնելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության Եղեգնաձորի բաժին, ապա վերջինիս նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում։

Դրանից հետո, հաջորդող օրերի ընթացքում Եղեգնաձոր քաղաքի բնակիչ Նաիրի Դ․-ն, տեղեկանալով իր ծանոթի բերման ենթարկվելու մասին, հանդիպել է վերջինիս։ Մասնավորապես, Նաիրի Դ․-ն Արտակ Մ․-ին պատմել է, թե իրավապահ մարմինների աշխատակիցների հետ կապեր ունեցող իր ծանոթ ունի և տեղեկացրել է, որ իր այդ ծանոթը գումարի դիմաց կարող է Արտակ Մ․-ին օգնել թմրամիջոց իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղմ քրեական պատասխանատվության ենթարկվելու հարցում։

Նաիրի Դ․-ն առաջարկել է 6000 դոլար գումար տալ իր ծանոթին, ով այդ գումարից 2000-ական ԱՄՆ դոլար պետք է կաշառք տա քննչական բաժնի համապատասխան պաշտոնատար անձին, դատախազին և հետագայում գործը քննող դատավորին՝ նախաքննության ընթացքում առաջադրված մեղադրանքը չխստացնելու, իսկ հետագայում դատարանի կողմից նշանակվելիք պատիժը պայմանականորեն չկիրառելու համար։

Արտակ Մ․-ն ընդունել է պաշտոնատար անձանց կաշառք տալու առաջարկը։ Նա ընդհանուր 1.588.220 դրամին համարժեք 3500 ԱՄՆ դոլար է տվել Նաիրի Դ․-ին, որը վերջինս անձամբ տնօրինելով, որևէ պաշտոնատար անձի անձամբ կամ միջնորդի միջոցով չի տվել, այլ խարդախության եղանակով հափշտակել է։

Մեղադրանք է առաջադրվել նաև Նաիրի Դ․-ին․ նա դրդել է քաղաքացուն՝ կատարելու պաշտոնատար անձին առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու փորձ, ինչպես նաև խարդախություն․ խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով փորձել է կատարել ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն:

Գործը մակագրվել է Արարատի և Վայոց ձորի մարզի դատավոր Գառնիկ Ստեփանյանին։ Հուլիսի 13-ին դատական նիստ է նշանակվել։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել