Ո՞վ կարող է աշխատել որպես ուսուցիչ․ ԿԳՄՍ նախարարության պարզաբանումը

Համաձայն «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի՝ ուսումնական հաստատության ուսուցիչ կարող է լինել այն անձը, որն ստացել է բարձրագույն կրթությամբ մանկավարժական համապատասխան որակավորում կամ ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում տվյալ առարկայի մանկավարժական (կամ ուսուցչական) գործունեության առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ։

Առնվազն մեկ անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով ուսուցչի թափուր տեղը սահմանված պահանջները բավարարող անձով չհամալրվելու դեպքում ուսուցչի տվյալ թափուր տեղի համար հայտարարված հաջորդ մրցույթին կարող է դիմել նաև`

1) տվյալ առարկայի մասնագիտական ոլորտում բարձրագույն կրթություն ունեցող և տվյալ մասնագիտական կրթական ծրագրով կամ առանձին մոդուլներով իրականացվող դասընթացի միջոցով մանկավարժահոգեբանական և ուսումնամեթոդական հմտություններ ապահովող առնվազն 30 կրեդիտ հավաքած անձը.

2) բնագիտություն, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն, մաթեմատիկա (ԲՏՃՄ) առարկաների մասնագիտական ոլորտում բարձրագույն կրթություն ունեցող անձը՝ աշխատանքի ընդունվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, մանկավարժահոգեբանական ու ուսումնամեթոդական հմտություններ ապահովող մոդուլներով իրականացվող դասընթացի միջոցով առնվազն 30 կրեդիտ հավաքելու պայմանով։

1-ին և 2-րդ կետերով սահմանված դասընթացը կարող է կազմակերպել կրթության պետական կառավարման լիազորված մարմնի երաշխավորած կազմակերպությունը կամ բարձրագույն ուսումնական հաստատությունը՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի երաշխավորած կրթական ծրագրով (մոդուլով)։

Համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թ. հոկտեմբերի 14-ի N 40-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի պետական ուսումնական հաստատություններ համապատասխան մասնագետ գործուղելու կարգի» պահանջների՝ առնվազն 2 անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով ուսուցչի թափուր տեղը չհամալրվելու դեպքում հնարավոր է աշխատել ուսուցիչ՝ գործուղվելով ՀՀ մարզերի համապատասխան դպրոցներ։

Դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգում 2021 թ. ապրիլի 1-ից գործում է նոր հարթակ, որտեղից կարելի է ստանալ տեղեկատվություն՝ ՀՀ մարզերում առկա հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցչի թափուր հաստիքների վերաբերյալ /հղումը՝ https://kadrer.emis.am//։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել