ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ձեռնարկված քննչական և դատավարական մեծածավալ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության և ՀՀ ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում բացահայտվել են Տաշիր քաղաքում կատարված սպանության և խուլիգանության դեպքերը:
Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից:
Լոռու մարզի Նովոսելցովո բնակավայրի 27-ամյա բնակչի` հրազենային, իսկ Տաշիր քաղաքի 24-ամյա բնակչի` կտրած-ծակած թափանցող վնասվածքներով բուժօգնության տեղափոխվելու վերաբերյալ ահազանգերը ստացվել են 2022թ. հունիսի 7-ին՝ ժամը 00:10-ին և 02:45-ին, «Տաշիրի ԲԿ» և «Ստեփանավանի ԲԿ» ընկերություններից:
Ահազանգերի հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է դեպքի վայրը, տվյալներ են ստացվել այն մասին, որ երիտասարդների միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ էլ միմյանց պատճառել են նշված վնասվածքները:
Իրականացված միջոցառումներով ձեռք բերված տվյալների համաձայն՝ վերոհիշյալ դեպքին նախորդող ժամանակահատվածում՝ 2022թ. հունիսի 3-ին, Տաշիր քաղաքի Դպրոցականների փողոցի շենքերից մեկի բակում մի խումբ անձինք, որոնց թվում կտրած-ծակած վնասվածքներով հիվանդանոց տեղափոխված երիտասարդը և վերջինիս ընկերը բռնություն են գործադրել 39-ամյա մի տղամարդու նկատմամբ, որի կապակցությամբ հունիսի 6-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, պարզաբանումներ կատարելու համար, Լոռու մարզի Նովոսելցովո գյուղի 27-ամյա բնակիչը համագյուղացու հետ ժամանել է Տաշիր քաղաք և հանդիպել 24-ամյա երիտասարդին: Երիտասարդների միջև առանձնազրույցը վերածվել է վիճաբանության, որի ընթացքում 24-ամյա երիտասարդը, Նովոսելցովո գյուղի բնակչին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, կրակոց է արձակել նրա ուղղությամբ, իսկ վերջինս էլ սուր կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել 24-ամյա երիտասարդի մարմնի տարբեր հատվածներին: Տաշիրի բժշկական կենտրոն տեղափոխվելուց հետո՝ 2022 թվականի հունիսի 7-ին՝ ժամը 05:00-ի սահմաններում, 27-ամյա երիտասարդը, ստացած վնասվածքից, գիտակցության չգալով, մահացել է:
Վերոհիշյալ դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, 235-րդ հոդվածի 1-ին մասով, 112-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Որոշում է կայացվել՝ հարուցված քրեական գործերը մեկ վարույթում միացնելու և համատեղ քննություն կատարելու վերաբերյալ:
Տաշիր քաղաքի 24-ամյա բնակիչը ձերբակալվել է՝ սպանություն, մի խումբ անձանց կողմից բռնություն գործադրելով խուլիգանություն կատարելու, ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու և պահելու կասկածանքով:
Նախաքննությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում անհատականացվել են խուլիգանության մասնակից անձանցից ևս մեկի՝ 24-ամյա երիտասարդի ընկերոջ գործողությունները, որոնց տրվել է քրեաիրավական գնահատական. նա ձերբակալվել է՝ մի խումբ անձանց կողմից բռնություն գործադրելով խուլիգանություն կատարելու (ՀՀ քրեական օրեսնգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով) կասկածանքով:
Նախաքննության ընթացքում կատարվել են դեպքի վայրերի զննություններ, քննչական փորձարարություններ, խուզարկություններ, առգրավումներ, բազմաթիվ անձինք հարցաքննվել են, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, հանցագործության գործիք հանդիսացող հրազենը հայտնաբերելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքները ստուգելու ուղղությամբ: Հետաքննության մարմնին տրվել են հանձնարարություններ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: