Կառավարությունն առաջարկում է Սահմանադրական դատարանի դատավորի, փոխնախագահի և նախագահի հավելավճարը սահմանել 80 տոկոսի չափով, իսկ Վճռաբեկ դատարանի դատավորների (այդ թվում՝ նախագահի եւ պալատի նախագահի) համար սահմանել պաշտոնային դրույքաչափի 50 տոկոսի չափով հավելում՝ որպես Սահմանադրության 164-րդ հոդվածի 10-րդ մասով նախատեսված նրանց բարձր կարգավիճակին եւ պատասխանատվությանը համապատասխան վարձատրություն:
Կառավարության առաջարկը քննարկվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հունիսի 8-ին հրավիրված արտահերթ նիստում, հայտնում են ԱԺ լրատվական բաժնից։
Արդարադատության փոխնախարար Երանուհի Թումանյանցի տեղեկացմամբ՝ փոփոխություններն ու լրացումները նախատեսվում է կատարել ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» և ««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթում:
Ներկայացնելով առաջարկվող փոփոխությունների նպատակը՝ փոխնախարարը նշել է, որ այն բխում է Կառավարության սահմանած դատական եւ իրավական բարեփոխումների ծրագրից: Վճռաբեկ դատարանն իր սահմանադրական լիազորությունների իրականացման բերումով առերեսվում է դատավարական բողոքների մեծ քանակի եւ եռաստիճան դատական համակարգում իր քննությանը ներկայացված իրավունքի եւ փաստի ամենաբարդ հարցերի քննությանը: Վճռաբեկ դատարանի գործառույթների հնարավորինս արդյունավետ իրականացումն ունի մեծ հանրային-իրավական նշանակություն այն իմաստով, որ թե՛ պետությունը եւ թե՛ հասարակությունը շահագրգռված են օրենքների եւ նորմատիվ իրավական այլ ակտերի ճիշտ ու միատեսակ կիրառման, դատական պրակտիկայի հետեւողականության եւ կանխատեսելիության ապահովման հարցում:
Սահմանադրական դատարանը սահմանադրական արդարադատության ոլորտում բարձրագույն դատական ատյան է: Սահմանադրության 167-րդ հոդվածի համաձայն՝ սահմանադրական արդարադատությունն իրականացնում է Սահմանադրական դատարանը` ապահովելով Սահմանադրության գերակայությունը, որի շրջանակում Սահմանադրական դատարանն անկախ է եւ ենթարկվում է միայն Սահմանադրությանը:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկվում է սահմանել նշված հավելավճարները:
Հարակից զեկուցող Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղեկալ Վահագն Հովակիմյանը, կարեւորելով ներկայացված նախագիծը, նշել է, որ դատավորների՝ իրենց կարգավիճակին արժանապատիվ աշխատավարձ ունենալու հանձնառությունը եղել է իշխող խմբակցության դեռեւս 2018 թ. նախընտրական ծրագրում: Նրա խոսքով՝ դա դատական բարեփոխումների կարեւոր բաղադրիչն է:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական փաթեթին: