Մայիսի 31-ին տեղի է ունեցել չորրորդ առցանց քննարկումը հանրային-մասնավոր երկխոսության ձևաչափով՝ նվիրված «Բաց կառավարման գործընկերության» (ԲԿԳ) ազգային գործողությունների 5-րդ ծրագրի մշակմանը։
Քննարկումը բաղկացած էր երկու մասից․ նախ քննարկվեց իրական շահառուների մասով գործող և նախատեսվող ռեեստրների փոխգործելիության հնարավորությունները իսկ ապա՝ բյուջետային գործընթացում մասնակցային մեխանիզմների լրամշակում և ներդրումը (պետական և համայնքային բաղադրիչներ)։
Միջոցառումը կազմակերպվել է «Աջակցություն ԲԿԳ 5-րդ գործողությունների ազգային ծրագրի համատեղ ստեղծմանը» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Արմավիրի զարգացման կենտրոն», «Իրավաբանների հայկական ասոցիացիա» և «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ներից բաղկացած կոնսորցիումի կողմից՝ Բաց Կառավարման Գործընկերության աջակցությամբ՝ ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն հանուն բարեվարքության՝ Արևելյան գործընկերության համար» ծրագրի շրջանակներում։
Վարչապետի աշխատակազմի ԲԿԳ-Հայաստան համակարգող/կոնտակտային անձ Լիլյա Աֆրիկյանը նշեց, որ հիմնական խնդիրը «իրական շահառու» հասկացության և դրա հետ փոխկապակցված գործընթացների ընկալումն է։
«Այլ հարց էլ է առաջանում․ արդյո՞ք մենք ունենք այն մասնագիտական հանրույթը, ովքեր կարող են գնահատել՝ հավաքագրված տվյալները անհրաժեշտ են, թե ոչ։ Պիտի հասկանանք՝ կա՞ անհրաժեշտություն կամ հետաքրքրվածություն։ Լինում է այնպես, որ անում ենք մի գործընթաց, որը բխում է մեր միջազգային պարտավորություններից, բայց դրա անհրաժեշտությունը չի լինում։ Կուզեի համախմբենք մեր ջանքերը և հասկանալ գործընթացի նշանակությունը»,-ասաց Աֆրիկյանը։
«Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ-ի նախագահ Մովսես Արիստակեսյանը կարևորեց իրական սեփականատերերի ինստիտուտի ամրագրումը սահմանադրական մկարդակով։
«Նայում էի իրական սեփականատերերի ռեգիստրը։ Ոչ միայն նախկին պաշտոնյաները, այլ նաև գործող պաշտոնյաները սեփականատերեր են առևտրային կազմակերպությունում, ունեն բաժնեմասեր, որոնք ձեռք են բերել նաև պաշտոնի անցնելուց հետո։ Իմ մտահոգությունը սա է․ ՀՀ-ում բոլորը պետք է ենթարկվեն օրենքին, քաղաքացիները հետաքրքրված լինեն գործիքի աշխատանքով, ազդեցություն ունենան ռեգիստրի աշխատանքի վրա»,-նշեց Արիստակեսյանը։
Իրավաբանների հայկական ասոցիացիայի ծրագրային փորձագետ Մարիամ Զադոյանը նշեց, որ ուսումնասիրել է միջազգային փորձը և որևէ երկրում իրականա սեփականատերերի ինստիտուտին, սահմանադրական մակարդակով, անդրադարձ չի կատարվել։
«Համարվում է, որ օրենքի մակարդակը բավարար է։ Հայաստանում կայացած չէ նաև հավատարմագրային կառավարման ինստիտուտը։ Այլ երկրներում, երբ պաշտոնյան հավատարմագրային կառավարման է հանձնում բիզնեսը, որևէ կերպ չի կարող ազդեցություն ունենալ ընկերությունում որոշումների կայացման վրա։ Հակակոռուպցիոն ռազմավարությամբ՝ այս ինստիտուտի հետ կապված հարցերը պետք է կարգավորվեին։ Համաճարակի և պատերազմի պատճառով գործողությունների ծրագրի կատարումը հետ է ընկել, բայց լավը այն է, որ հարցը ուշադրության կենտրոնում է։ Հուսանք՝ առաջիկա տարիներին այդ ինստիտուտը Հայաստանում կկայանա»,-նշեց փորձագետը։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Արամայիս Փաշինյանը քննարկման մասնակիցներին հայտնեց, որ աշխատում են IT ընկերությունների հետ։ Հանձնաժողովի փոխգործելիության համակարգը խնդիրներ ունի, որոնք պետք է կարգավորվեն։
«Մյուս մարմինների տեղեկատվական բազաները նույնպես պետք է բարելավվեն։ Օրինակ՝ Կադաստրի հետ կապված։ Փորձառություն ունենք, որ հայտարարագրված տեղեկատվությունը երբեմն առկա չի լինում կադաստրում կամ դրա էլեկտրոնային համակարգում։ Նույնը վերաբերում է նաև այլ կառույցներին։ Կարծում եմ՝ պրոցեսը հեշտ չի լինելու։ Չենք հավակնում իդեալական համակարգ ներդնել, բայց ցանկացած գործի սկիզբ գործի կեսն է»,-նշեց Փաշինյանը։
Ֆինանսների նախարարության գնումների քաղաքականության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանի խոսքով՝ ապագայում նախատեսվում է փոխկապակցված 3 հարթակ ունենալ․ էլեկտրոնային գնումների, ռեգիստրի և հակակոռուպցիոն կոմիտեի նոր համակարգերը։
«Ամեն ինչ սկսելու է պետական ռեգիստրից։ Երբ մասնակիցը հայտ ներկայացնի, ծրագիրը այդ պահին իրական սեփականատերերի ինֆորմացիան կներբեռնի համակարգ։ Խաբելու, ստելու հնարավորություն ուղղակի չի լինի։ Շրջանակը կարելի է մեծացնել, փոքրացնել։ Երբ հայտերի ներկայացման ժամկետը լրանա, բոլոր մասնակիցները հայտերը բացվելու են, տեղեկությունը հասանելի է դառնալու։ Բացի այդ, կա շահերի բախման բացակայության մասին հայտարարությունների ներկայացման պահանջ։ Նոր համակարգով՝ գնումների ոլորտում որոշում կայացնող պաշտոնյաները պետք է ստորագրեն և հրապարակեն շահերի բախման բացակայության մասին հայտարարություն։ Պետք է հաստատվի, որ մրցույթի մասնակիցները իրենց հետ փոխկապակցված կազմակերպություններ չեն»,-ասաց Շահնազարյանը։
Խոսելով բյուջետային գործընթացում մասնակցային մեխանիզմների լրամշակման և ներդրման մասին, Իրավաբանների հայկական ասոցիացիայի ծրագրային փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանն իր խոսքում նշեց, որ կարևոր մեխանիզմներից է քաղաքացու բյուջեի գործիքի ճիշտ ներդրումը, որը պետք է հասկանալի լինի քաղաքացիների համար, և իսկ բյուջեի նախագծային ծրագրերը քննարկվեն ինչպես ՀԿ ներկայացուցիչների, այնպես էլ քաղաքացիների հետ։
«Հայաստանում կան որոշակի խումբ խնդիրներ, որոնց պատճառով չեն ՔՀԿ-ները մասնակցում բյուջետային քննարկումներին։ Առաջինը մասնագիտական կարողությունների պակասն է։ Երկրորդը մոբիլիզացիայի, ուժերի և գործընթացը համակարգող թիմի բացակայությունն է։ Երրորդը երկկողամանի՝ պետական – հասարակական սեկտորի հետաքրքրվածության ցածր մակարդակն է»,-նշեց Սողոմոնյանը։
Ֆինանսների նախարարության ներկայացուցիչ Սվետլանա Հարոսյանը իր խոսքում ընդգծեց՝ մասնակցային գործընթացները կարևոր են։
«Ծրագրի շրջանակներում 2 թիրախ ունենք։ Մեկը բյուջետային հայտերի վերաբերյալ տեղեկատվության հանրայնացումն է, որին հետևողական ենք։ 2-րդը՝ բյուջետային հայտերի շուրջ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ քննարկման հարթակների ձևավորումն է»,-նշեց Հարոսյանը` ընդգծելով, որ օրենսդրական որևէ խնդիր չկա, որը թույլ չի տալիս գործընթացը հավուր պատշաճի իրականացնել։
Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի գործադիր տնօրեն Կարինե Հարությունյանն իր խոսում նշեց, որ ՔՀԿ-ները պասիվ են։ Նա վտանգ է տեսնում պետության կողմից միայն 3-5 կազմակերպությունների ակտիվացման մեջ։
«Բարեփոխումները սկսված են, մեծ թափ են ստացել։ Մեզնից յուրաքանչյուրը պետք է իրազեկի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին այս գործիքների վերաբերյալ։ Մենք, վերջին 2 ամսվա ընթացքում 40 ՔՀԿ-ի 60 ներկայացուցիչների հետ ենք գործ ունեցել։»,-նշեց Հարությունյանը՝ ընդգծելով, որ պետական մարմիններն են ջանք չեն գործադրում պրոցեսը կազմակերպելու համար։
Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը ամփոփելով առանձնացրեց 2 խումբ խնդիրներ․ տեղեկատվության հասանելիության և թափանցիկության բացակայությունը, ինչպես նաև մասնակցայնությունը։
«Մենք 2019թ․-ին բյուջետային նախագծերի շուրջ 20-ից ավել քննարկումներ ենք արել, հասկանում ենք՝ կարողությունների խնդիր կա։ Եթե կառավարությունը ուզում է, որ գործընթացն արդյունավետ լինի, մենք պետք է հնարավորություն ունենանք այդ կարողությունները զարգացնել։ Միայն կառույցների կայքէջերում դնել, հրավերներ ուղարկել ու գրել, որ քննարկում են ապահովել, արդյունավետ չէ»,-նշեց Զադոյանը՝ հավելելով, որ կարևոր են նաև Ազգային ժողովում ընթացող քննարկումները, մշտադիտարկումը և գնահատումը։
Նրա խոսքով՝ այստեղ լուրջ մասնագիտական հենք ունեցող կազմակերպություններ են անհրաժեշտ, միջազգային կազմակերպություններն էլ պետք է բալանսավորված գործունեություն իրականացնեն։
Քննարկման մասնակիցների միջև պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագա աշխատանքի հետ կապված։