Ոստիկանությունը դիմեց սադրանքների, կան բերման ենթարկվածներ և տուժածներ. Իշխան Սաղաթելյան

Կառավարական առանձնատան մոտ ոստիկանության կողմից միջոցներ կիրառվեցին: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:

«Ոստիկանությունը իրեն պահել է սանձարձակ՝ ակնհայտ ծեծելով և բռնություն գործադրելով քաղաքացիների նկատմամբ: Նախօրոք հայտարարել էինք, որ առանձնատան վրա որևէ բունտ չի լինելու: Մենք ունեինք մի նպատակ. ընդամենը ասում էինք, որ բացեն Դեմիրճյան փողոցը որպեսզի շարունակեինք մեր երթը: Ոստիկանությունը դիմեց սադրանքների, կան բերման ենթարկվածներ և տուժածներ: Այս պահին շարժվում ենք Ֆրանսիայի հրապարակ, որտեղ տեղի կունենա հանրահավաք»,- ասաց նա:

Վերջինս նշեց, որ հանրահավաքին խոսելու են այսօրվա ու վաղվա անելիքների մասին:

Նշենք, որ «Դիմադրություն» շարժման մասնակիցներն ավելի վաղ մոտ երկու ժամ շրջափակել էին Կառավարության շենքի բոլոր մուտքերը, որից հետո երթով շարժվել էին Կառավարական առանձնատուն:

Իշխան Սաղաթելյանը՝ դիմելով կառավարական առանձնատան մոտ հավաքված, ոստիկաններին կոչ արեց բացել ճանապարհը, որպեսզի շարժման մասնակիցները կարողանան այդ կողմով շարժվել Ազգային ժողով, որից հետո քաշքշուկ և հրմշտոց սկսվեց ոստիկանների և շարժման մասնակիցների միջև: Ոստիկանները սկսեցին բերման ենթարկել ցուցարարներին, ինչպես նաև հատուկ միջոցներ կիրառեցին․ մասնավորապես՝ լուսաձայնային նռնակներ:

Հիշեցնենք, որ ընդդիմադիր խմբակցություններն այսօր հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների օրակարգով ԱԺ արտահերթ նիստ էին հրավիրել, սակայն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը բոյկոտել էր նիստը, որի արդյունքում այն տեղի չունեցավ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել