Մենք ասել ենք, որ այսօր ջրբաժան է, որովհետև Ազգային ժողով ենք ներկայացրել մի փաստաթուղթ, որով Արցախը պետք է մնա հայկական և մենք ունենանք պետականություն: Մենք ասել էինք, որ Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը դիրքորոշում հայտնեն այս փաստաթղթի վերաբերյալ: Այս մասին այսօր՝ հունիսի 3-ին, Կառավարական առանձնատան դիմաց հայտարարեց Ազգային ժողովի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը:
«Մոտ երեք տասնյակ կուսակցություն արձագանքել է մեր պահանջին և հստակ ասել, որ ժողովրդի օրակարգի հետ է: Բացառությամբ Նիկոլի հատուկ հանձնարարություններով սպասարկուներին ու մի քանի այլ կուասակցության, որոնք ՔՊ-ից ավելի վատն են ու Նիկոլից ավելի վտանգավոր: Մնացած գործող քաղաքական ուժերը տարբեր կերպ արտահայտել են իրենց դիրքորոշումը, որի գլխավոր մեխը այն է, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Շուրջ 440 գիտնականներ ու մտավորականներ կիսել են մեր պահանջը: Դրանով ջրբաժանը ակնհայտ է: Կա Նիկոլ ու կա հայ ժողովուրդ, որը պայքարում է իր հայրենիքի համար:
Նիկոլ, իմացիր, որ այսքան վարչապետ հենց հիմա ուզում է գալ ձեր տուն Հյուր: Ուզում է գալ ու քեզ կոնկրետ հարցեր ուղղի, բայց մեր նպատակը դա չէ: Դու պետք է հեռանաս անարյուն»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ երկրում կառավարություն ու խորհրդարան չկա:
Ավելի վաղ «Դիմադրություն» շարժման մասնակիցները մոտ երկու ժամ շրջափակել էին Կառավարության շենքի բոլոր մուտքերը, որից հետո երթով շարժվեցին դեպի Կառավարական առանձնատուն, որտեղ էլ կանգ առան:
Հիշեցնենք, որ ընդդիմադիր խմբակցություններն այսօր հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների օրակարգով ԱԺ արտահերթ նիստ էին հրավիրել, սակայն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը բոյկոտել էր նիստը, որի արդյունքում այն տեղի չունեցավ: