«Դիմադրություն» շարժման մասնակիցները Հանրապետության հրապարակից քայլերթով շարժվեցին դեպի Կառավարարական առանձնատուն, որտեղ մի պահ կանգ առան և շարժման մասնակիցները ելույթ ունեցան:
«Տասնյակ հազարավոր քաղաքացիներ եկել են այստեղ քեզանից պատասխաններ ստանալու համար: Հեծանիվով փողոցներում շրջող Նիկոլ, դուրս արի: Բավական է թաքնվես ոստիկանների, կարմիր և սև բերետավորների ու դիպուկահարների թիկունքում»,- ասաց Ազգային ժողովի պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
Նրա խոսքով՝ այնտեղ հավաքված քաղաքացիներից որևէ մեկն իրեն երբեք թույլ չի տա անկոչ հյուրի պես մտնել ուրիշի օջախ:
«Բայց դու պառակտեցիր շատերի գերդաստանը, շատերի ընկերությունը, ատելություն, մահ ու սուգ բերեցիր հազարավոր օջախներ: Դու այստեղ այնքան ժամանակ ես վախի մեջ ապրելու, մինչև այդ վախը խեղդի քեզ: Դու պատասխան ես տալու և այստեղ օր ու արև չես ունենալու: Որտեղ էլ, որ գնաս քեզ հետապնդելու ենք»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ ընդդիմադիր խմբակցություններն այսօր հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների օրակարգով ԱԺ արտահերթ նիստ էին հրավիրել, սակայն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը բոյկոտել էր նիստը, որի արդյունքում այն տեղի չունեցավ: