Նախարարներից ոչ մեկը չընդունեց ընդդիմադիրներին․ «Կառավարության անդամները փախած են»

«Դիմադրություն» շարժման անդամները այս պահին ԱԳ, ԿԳՄՍ, ԲՏԱ, Արդարադատության նախարարությունների շրջակայքում են։

ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը հեռախոսով խոսել էր ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հետ։ Սակայն նախարարներից ոչ մեկը չցանկացավ կամ չկարողացավ ընդունել ընդդիմադիր պատգամավորներին։

Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ նրանք վախենում են հանդիպել ընդդիմադիրների հետ․ «Ինչքան պետքա փախնեք ու թաքնվեք։ Հարամ լինի էն աթոռը, որը զբաղեցնում եք»։ Ըստ նրա՝ «Կառավարության անդամները փախած են»։

Ցուցարարները շարունակեցին իրենց երթը։

Հիշեցնենք, որ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը մայիսի 28-ին Ֆրանսիայի հրապարակում հայտարարել էր.

«Ժողովուրդը սահմանել է պահանջներ՝

1. Արցախը երբեք չպետք է լինի Ադրբեջանի կազմում։

2. Սահմանագծման, սահմանազատման աշխատանքներ չպետք է լինեն այնքան ժամանակ, քանի թշնամու զորքերը գտնվում են ՀՀ տարածքում։

3. Հայ-թուրքական հարաբերությունները չեն կարող լինել Ցեղասպանության ուրացման հաշվին։

Պետք է գնանք դռնեդուռ՝ այս փաստաթղթի վերաբերյալ դիրքորոշում ստանալու։

Սա կարմիր գիծ է, ով այլ բան է ասում, ստում է, ուզում է՝ մենք պետականություն չունենանք։ Երկուշաբթի ժամը 11-ին բոլորիդ հրավիրում ենք Ֆրանսիայի հրապարակ, գնալու ենք մի քանի ուղղություններով։ Հինգ օր ժամանակ ունենք ամբողջական պատկերը ստանալու։ Նորից եմ ասում՝ հունիսի 3-ը ջրբաժան է։ Ունենք վճռական հինգ օր, ամսի 3-ին ժամը 16։00-ին մենք լինելու ենք խորհրդարանում»։

Երեկ նա հայտարարել է, որ առաջիկա օրերին լինելու են կրթական հաստատություններում, պետական գերատեսչություններում՝ պաշտոնյաների դիրքորոշումն իմանալու այս փաստաթղթի վերաբերյալ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել