«Դիմադրություն» շարժման անդամները այս պահին ԱԳ, ԿԳՄՍ, ԲՏԱ, Արդարադատության նախարարությունների շրջակայքում են։
ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը հեռախոսով խոսել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հետ։ Նախարարը խնդրում էր Գալստյանից հանդիպման օրակարգ ուղարկել։ Գալստյանը նշեց, որ իրենք պատգամավորներ են, օրակարգեր չեն ուղարկում։
«Ես ձեզ կզանգեմ»,-ասաց Դումանյանը։
Գալստյանը նրան փոխանցեց, որ եթե երթի մասնակիցները որոշեն սպասել՝ կսպասեն։
«Մյուս 2 նախարարները ասացին, որ շենքում չեն, իսկ պարոն Դումանյանը փոխանցել է՝ ավելի ուշ ժամանակ կտրամադրի, մեզ կընդունի։ Նա ասաց, որ սիրով միայն ինձ կընդունի, իրար ճանաչում ենք, նույն հանձնաժողովում ենք աշխատում։ Ես ասացի, որ սա միայն իմ հանդիպումը չէ, նվազագույնը 5 պատգամավորների պետք է իրեն այցելենք։ Կարծում եմ, որ Դումանյանը խուսափեց 5 պատգամավորի հետ հանդիպելուց, ասաց, որ այս պահին զբաղված է։ Հնարավոր է՝ 30 րոպեից և օրակարգ խնդրեց»,-հայտնեց Գալստյանը։
Հիշեցնենք, որ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը մայիսի 28-ին Ֆրանսիայի հրապարակում հայտարարել էր.
«Ժողովուրդը սահմանել է պահանջներ՝
1. Արցախը երբեք չպետք է լինի Ադրբեջանի կազմում։
2. Սահմանագծման, սահմանազատման աշխատանքներ չպետք է լինեն այնքան ժամանակ, քանի թշնամու զորքերը գտնվում են ՀՀ տարածքում։
3. Հայ-թուրքական հարաբերությունները չեն կարող լինել Ցեղասպանության ուրացման հաշվին։
Պետք է գնանք դռնեդուռ՝ այս փաստաթղթի վերաբերյալ դիրքորոշում ստանալու։
Սա կարմիր գիծ է, ով այլ բան է ասում, ստում է, ուզում է՝ մենք պետականություն չունենանք։ Երկուշաբթի ժամը 11-ին բոլորիդ հրավիրում ենք Ֆրանսիայի հրապարակ, գնալու ենք մի քանի ուղղություններով։ Հինգ օր ժամանակ ունենք ամբողջական պատկերը ստանալու։ Նորից եմ ասում՝ հունիսի 3-ը ջրբաժան է։ Ունենք վճռական հինգ օր, ամսի 3-ին ժամը 16։00-ին մենք լինելու ենք խորհրդարանում»։
Երեկ նա հայտարարել է, որ առաջիկա օրերին լինելու են կրթական հաստատություններում, պետական գերատեսչություններում՝ պաշտոնյաների դիրքորոշումն իմանալու այս փաստաթղթի վերաբերյալ։