Ավետիք Չալաբյանի պաշտպանական խումբը հայտնում է, որ «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի կալանավորման որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության դատական նիստը հետաձգվել է՝ պայմանավորված աշխատանքային օրվա ավարտով։ Նիստը կշարունակվի վաղը՝ 31.05.2022թ-ին, ժամը 13:30, վերաքննիչ քրեական դատարանում:
Նշենք, որ Ավետիք Չալաբյանի կալանավորման դեմ վերաքննիչ բողոքը մակագրվել է դատավոր Արմեն Դանիելյանին։
Ավետիք Չալաբյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքը։
«Արարք, որն արդեն ընդունված և սույն թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող քրեական օրենսգրքով ապաքրեականացված է: Միտումնավոր հետապնդման և քաղաքական պատվերի դրսևորում է նաև այն փաստը, որ հայտնի ակնհայտ մոնտաժված ձայնագրության հրապարակումից երեք օր անց Ավետիք Չալաբյանը շարունակել է իր բնականոն կյանքը, որևէ կերպ չմիջամտելով քննությանը, չթաքնվելով, սակայն, դա անտեսվել է և այնուամենայնիվ Ա․Չալաբյանի նկատմամբ անհասկանալի հիմնավորմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը»,- նշված է փաստաբանական խմբի հայտարարության մեջ: