Խայտառակ բիրտ ուժի կիրառմամբ ոստիկանությունը մի քանի հարյուր քաղաքացու է բերման ենթարկել, հիմա փորձում են նրանց վրա գործ հարուցել։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում հայտարարել է Իշխան Սաղաթելյանը:
Նա նշել է, որ «կարմիր բերետավորները» խփել են պատգամավորներին ու ակնհայտ է, որ նրանց մեջ կան ոստիկանական համազգեստով հանցագործներ, ովքեր շատ հստակ հանձնարարություն են ունեցել։
«Ժողովրդավարության բաստիոնից խոսացող իշխանությունն արգելում է ընդդիմադիր պատգամավորների մուտքը կառավարության շենք։ Մենք հստակ ասել ենք․ ով դեմ է մեր ներկայացրած փաստաթղթին, ուրեմն կողմ է Ալիևի՝ Հայաստանն ու Արցախը կործանելու ծրագրին։ Սա իշխանության հարց չէ, նախընտրական հավաքներ չեն, սա համաժողովրդական շարժում է հանուն Հայաստանի և Արցախի։ Մեր պայքարն անկասելի է, մինչև վերջին շունչ պայքարելու ենք, լինելու ենք այլ հաստատություններում․ Նիկոլը Հայաստանում իշխանություն չունի»,-նշել է Սաղաթելյանը։
Պատգամավորի խոսքով՝ հունիսի 3-ը իշխող ուժի քաղաքական գերազմանն է լինելու, դրանից հետո ՔՊ-ի բոլոր փաստարկները դառնալու են անիմաստ։
«Մենք պետք է այս պայքարը դարձնենք համահայաստանյան ու վերջնական վռնդենք սրանց․ այլ ճանապարհ չկա։
19։30-ին կհավաքվենք Ֆրանսիայի հրապարակում, կլինի աշխատանքային զրույց քաղաքացիների հետ։ Վաղն առավոտյան կվերսկսվեն ակցիաները, իսկ երեկոյան կլինի հավաք ու երթ»,-նշել է նա.