Այսօր տեղի է ունեցել Միքայել Բադալյանի նկատմամբ այլ խափանման միջոցի կիրառումը թույլատրելի ճանաչելու մասին պաշտպանության կողմի միջնորդության քննարկումը։ Դատարանը քիչ առաջ մերժեց միջնորդությունը․ այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
«Սրանով եւս մեկ անգամ փաստվեց այն հանգամանքը, որ Միքայել Բադալյանը ենթարկվում է քաղաքական հետապնդման եւ ՀՀ իշխանություններն անում են ամեն ինչ որպեսզի պրոռուսական քաղաքական գոծիչը մնա ամազատության մեջ։
Մ.Բադալյանինն կալանքի տակ պահելու համար։
Միջնորդության կարեւոր շեշտադրումները
Վերոգրյալի հիման վրա Դատարանի ուշադրությունն ենք ցանկանում հրավիրել այն հանգամանքի վրա, որ այն բանից հետո, երբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 23․04․2022 թ-ի որոշմամբ մերժվել է քննիչի միջնորդությունը՝ Միքայել Բադալյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոցը կիարառելու վերաբերյալ, նույն օրը վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ Միքայել Բադալյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։
Ճիշտ է, Սահմանադրության տեսանկյունից անթույլատրելի է խափանման միջոցներից մեկի կիրառման հարցը քննարկել արդեն իսկ դրանցից մյուսին, ընդսմին՝ ամենախիստ միջոցին նախապատվություն տալուց հետո, սակայն այնուամենայնիվ իրական կյանքը ցույց տվեց, որ քննիչի կողմից հետագայում Միքայել Բադալյանի նկատմամբ ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցի կիրառումն սկզբունքորեն արդեն իսկ ապահովել է այն նույն ցանկալի արդյունքը, ինչ ազատությունից զրկելուն հանգեցնող միակ խափանման միջոցը՝ կալանավորումը։ Այսինքն՝ քննիչն արդեն իսկ մեկ անգամ քննության ընթացքում գտել է, որ Միքայել Բադալյանի նկատմամբ կալանավորումից ավելի նվազ տեսակի խափանման միջոցի կիրառումը կարող է գործուն միջոց հանդիսանալ նրա հետագա հնարավոր ոչ պատշաճ վարքագիծը կանխելու համար և փաստացի չի սխալվել։
Հատկանշական է, որ հիշյալ մեղմ տեսակի խափանման միջոցի կիրառումից հետո Միքայել Բադալյանն ուղիղ մեկ ամիս գտնվել է ազատության մեջ և այդ ընթացքում վերջինս դրսևորել է բացառապես պատշաճ վարքագիծ։ Ընդ որում, ազատության մեջ գտնվելու ամբողջ ժամանակահատվածում Միքայել Բադալյանը ոչ միայն չի կատարել որևէ ոչ իրավաչափ գործողություն, որն ուղղված կլիներ վարույթն իրականացնող մարմնի տեսադաշտից դուրս գտնվելուն, քննության համար խոչընդոտներ ստեղծելուն կամ օրենքով արգելված արարք կատարելուն, այլև նույնիսկ չի փորձել որևէ անօրինական վարքագիծ դրսևորել։ Այլ կերպ ասած՝ Միքայել Բադալյանը իր նկատմամբ ընտրված խափանման միջոցի որևէ պայման չի խախտել, այլ հակառակը՝ մշտապես ենթարկվել է վարույթն իրկանացնող մարմնի բոլոր օրինական կարգադրություններին։ Օրինակ՝ 2022 թվականի մայիսի 05-ին Միքայել Բադալյանը քննիչի կանչով պատշաճ կերպով ներկայացել է վարույթն իրականացնող մարմին լրացուցիչ հարցաքննության՝ պատրաստակամ լինելով նաև բարեխղճորեն կատարել քննություն իրականացնող մարմնի բոլոր օրիանական պահանջները։ Նշվածն ըստ էության վկայում է այն մասին, որ օբյեկտիվ իրականությունում առկա է փաստ առ այն, որ Միքայել Բադալյանի դեպքում պետությունը նվազ տեսակի խափանման միջոցի կիրառմամբ մեկ անգամ արդեն իսկ նվաճել է խափանման միջոցի նպատակները, ինչն էլ նշանակում է, որ Միքայել Բադալյանի պարագայում ավելի մեղմ տեսակի խափանման միջոցը պիտանի է նախանշված նպատակին հասնելու համար և կարող է արդյունավետ կերպով չեզոքացնել ենթադրյալ ոչ պատշաճ վարքագծի բացասական հետևանքները:
Ուստի տվյալ պարագայում Դատարանը պետք է մի նժարի վրա պետք է դնի Միքայել Բադալյանի կողմից ազատության մեջ մնալու պարագայում նրա կողմից ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու հավանականության վերաբերյալ ենթադրությունը, իսկ մյուս նժարի վրա դնի արդեն իսկ օբյեկտիվ իրականության մեջ գոյություն ունեցող փաստն առ այն, որ վերջինս արդեն իսկ մեկ անգամ գտնվելով ազատության մեջ դրսևորել է պատշաճ վարքագիծ և արդյունքում որոշի թե որ հանգամանքին պետք է նախապատվություն տա։ Պարզ տրամաբանությունն ու իրավական ողջամտությունը հուշում է, որ նման պայմաններում Դատարանը պետք է առաջնորդվի ազատության կանխավարկածով և նախապատվություն տա Միքայել Բադալյանի մասնավոր շահին, քանզի ներկայացված փաստերը վկայում են այն մասին, որ առկա չէ մի այնպիսի գերակա շահ, որը կարդարացնի վերջինիս ազատության և անձնական անձեռմխելիության իրավունքի սահմանափակումը։
Եթե գործնականում երբեմն ՀՀ դատարանները կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու հարցի քննության ժամանակ կարևոր, սակայն ոչ էական են համարում անձի կողմից մինչ իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցելը /մինչև որպես մեղադրյալ ներգրավելը, ձերբակալելը, կամ անազատության հետ չկապված խափանման միջոց կիրառելը/, դրսևորած պատշաճ վարքագիծը /քրեական պատասխանատվության ենթարկվելու մտավախությունը ցածր է/, ապա կարծում ենք, որ այն դեպքերում, երբ ենթադրյալ հանցավորը ձեռք է բերում մեղադրյալի դատավարական կարգավիճակ /քրեական պատասխանատվության ենթարկվելու մտավախությունը բարձրանում է/ և դրանից հետո վերջինս քննության ընթացքում դրսևորում է բացառապես պատշաճ վարք, ապա այդ հանգամանքը միանշանակ էական նշանակություն ունի մեղադրյալի ապագա վարքագիծը կանխորոշելու հարցում ողջամիտ հետևության հանգելու համար։ Տվյալ դեպքում հարկ է նկատել, որ Միքայել Բադալյանը ոչ միայն քննության նախապատրաստման փուլում է դրսևորել օրինակելի և հավասարակշռված վարքագիծ /դրա մասին նաև Դատարանն է արձանագրել 23․04․2022թ-ի որոշմամբ/, այլև իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուց հետո /մեղադրյալի կարգավիճակ ձեռք բերելուց և կալանավորման վերաբերյալ քննիչի միջնորդությունը մերժելուց հետո/, ինչն անշուշտ մեղադրյալի վարքագծի առումով վստահություն ներշնչելու բավարար հիմք է հանդիսանում»,-նշել է նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ նախապատրաստվող ահաբեկչության մասին՝ քաղաքացի Մ.Բ.-ի կողմից սուտ հաղորդում տալու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
«Նախնական տվյալներով, «Telegram» սոցիալական ցանցի օգտատերը, չունենալով նախապատրաստվող ահաբեկչության վերաբերյալ տվյալներ, 2022 թվականի ապրիլի 11-ին հանրության լայն շրջանակներին հասանելի իր տելեգրամյան էջում սուտ հաղորդում է տվել այն մասին, որ արտակարգ իրավիճակ ստեղծելու համար ահաբեկչություններ են հնարավոր ինչպես Երևանում, այնպես էլ` մայրաքաղաքից դուրս:
Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը կատարվում է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում:
Նախաքննության ընթացքում պարզվել է ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, ով «Telegram» սոցիալական ցանցի՝ իր կողմից օգտագործվող էջում տեղադրել է վերոնշյալ բովանդակությամբ գրառումը:
Վերջինս ձերբակալվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածով, և կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:
Նախաքննությունը շարունակվում է»,-ասված է ՔԿ տարածած հաղորդագրությունում: